Հոդված 39. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը
Հոդված 39. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը
(վերնագիրը փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն)
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից լիազոր մարմին է ներկայացվում երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը համաձայնեցման նպատակով:
2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը պետք է ներառի`
1) կատարվելիք աշխատանքների նպատակներն ու ենթադրվող ժամկետները.
2) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները` միջազգային լավագույն փորձին համապատասխան, և մոտավոր ծավալները.
3) ընդերքի հայցվող տեղամասի ընդհանուր և երկրաբանական նկարագրությունները` երկրաբանական քարտեզով, հատակագիծը` օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող վեց ամսվա դրությամբ:
3. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրին կցվում են՝
1) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)
2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը.
3) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները:
4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված կամ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն ստացած՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագրի՝ երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն արգելվում է:
(39-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն, լրաց., փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-151-Ն)