Հոդված 17. Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության բնագավառում լիազոր մարմինների իրավասությունները
Հոդված 17. Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության բնագավառում լիազոր մարմինների իրավասությունները
(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
1. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններն են`
1) ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացման ապահովումը.
2) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-186-Ն)
3) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման և պահպանության պետական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
4) ընդերքօգտագործման ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի մշակումը.
5) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը.
6) լեռնահատկացման ակտի օրինակելի ձևի սահմանումը.
7) ընդերքօգտագործման ոլորտում իր իրավասության սահմաններում պետական փորձաքննության իրականացումը.
8) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարումը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը.
9) իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունների ու համաձայնությունների տրամադրումը.
10) իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումն ապահովող նորմատիվ ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նորմերի ու կանոնների մշակումը և ընդունումը.
11) ընդերքօգտագործման պայմանագրերի կնքումը.
12) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ ընդերքօգտագործման համար արգելված ընդերքի առանձին տեղամասերի ճշգրտումը.
13) երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծումը, վարումը և տնօրինումը.
14) ընդերքօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը.
15) Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրումը.
16)(կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-186-Ն)
17) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-186-Ն)
18) տալ համաձայնություն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված ընդերքի տեղամասում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին.
19) մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին.
20) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային փաթեթի կազմումը.
21) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ նախնական պայմանագրի կնքումը.
22) ընդերքօգտագործման ոլորտի վերաբերյալ վարչական ռեգիստրների վարման համար վարչական վիճակագրական «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան), «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային), «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) և «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) հաշվետվությունների ձևերի, դրանց լրացման հրահանգների և ներկայացման կարգի սահմանումը.
23) հանքային ջրերի հանքավայրերի հանքային ջրի շահագործական պաշարների ողջամիտ և համալիր օգտագործման սկզբունքից ելնելով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված պաշարների սահմաններում մեկ կամ ավելի ընդերքօգտագործողներին ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը:
2. Ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`
1) ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցությունը.
2) ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը.
3) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը.
4) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որոշումների ընդունումը.
5) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի մշակումը.
6) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի հաստատումը.
7) ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգի մշակումը.
8) ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգի մշակումը.
9) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշների մշակումը.
10) լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչների մշակումը.
11) օգտակար հանածոյի մշակման համար անհրաժեշտ վտանգավոր նյութերի օգտագործման առավելագույն սահմանաչափերի որոշման ընթացակարգի հաստատումը.
12) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգի մշակումը.
13) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ընդունումը, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծումը, վարումը, տնօրինումը և հրապարակայնացումը.
14) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգի հաստատումը.
15) սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավասություններ:
2.1. Ընդերքօգտագործման հետ կապված՝ բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասություններն են`
1) ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
2) հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողության իրականացումը.
3) բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
4) սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավասություններ:
3. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`
1) համայնքի ղեկավարի կողմից, համայնքի ավագանու որոշմամբ, ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց հետ հողօգտագործման պայմանագրի կնքումը.
2) ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների` ռեկուլտիվացիայի ծրագիրը համայնքի ղեկավարի համաձայնությանը ներկայացնելը:
Ընդերքի օգտագործման իրավունք ստացած անձը չի կարող սկսել հանքարդյունահանման աշխատանքներն առանց տվյալ տարածքի համապատասխան սեփականատիրոջ համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրի:
(17-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 20.10.16 ՀՕ-164-Ն, 18.10.16 ՀՕ-161-Ն, 17.11.17 ՀՕ-214-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.03.18 ՀՕ-186-Ն, լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն)