Հոդված 60.4. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների ֆինանսական երաշխիքները
Հոդված 60.4. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների ֆինանսական երաշխիքները
1. Ընդերքօգտագործողը ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու դիմումի հետ լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման համար ֆինանսական երաշխիքներ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական երաշխիքի գումարի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:
3. Ընդերքօգտագործողները պետք է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված լիազոր մարմիններ ներկայացնեն միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները բավարարող իրավաբանական անձանց տված ֆինանսական երաշխիքներ:
4. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների փոփոխության դեպքում փոփոխվում է նաև ֆինանսական երաշխիքի չափը:
5. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական երաշխիքը կարող է տրամադրվել առավելագույնը 5 տարի ժամկետով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ ընդերքօգտագործողը ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի ժամկետի երկարաձգման մասին ֆինանսական երաշխիք տված իրավաբանական անձի պատշաճ վավերացրած փաստաթուղթ:
7. Եթե ընդերքօգտագործողը սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում չի ներկայացնում ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ պատշաճ վավերացված փաստաթուղթ, ապա ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը դիմում է ֆինանսական երաշխիք տրամադրած իրավաբանական անձին՝ պահանջելով վճարել ֆինանսական երաշխիքով նախատեսված ամբողջ գումարը՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով:
8. Ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(60.4-րդ հոդվածը փոփ. 23.04.19 ՀՕ-24-Ն)