Հոդված 42. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը և դրա երկարաձգումը
Հոդված 42. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը և դրա երկարաձգումը
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրվում է 3 տարին չգերազանցող ժամկետով, որն ընդերքօգտագործողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 3 ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր անգամ 2 տարուց ոչ ավելի ժամկետով:
2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը օգտակար հանածոների պաշարների հաստատումից հետո՝ 20 օրվա ընթացքում, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք կրողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել ևս մեկ տարով` արդյունահանման նախագիծը կազմելու համար:
2.1. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ, դիմել լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար:
3. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգումը պայմանավորված է ընդերքօգտագործողի կողմից պայմանագրային պարտականությունների կատարման խախտմամբ:
4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործողն ուսումնասիրության արդյունքների հիման վրա առանձնացված ոչ հեռանկարային տեղամասերից հրաժարում չի նախատեսում, ինչը չի կարող լինել պակաս, քան նախապես հատկացված տեղամասի կեսը:
5. Ժամկետի երկարաձգման դիմումում պետք է նշվեն`
1) երկարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը.
2) հանգամանքները, որոնք հիմք են եղել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները երկարաձգելու համար.
3) հաշվետվություն ծրագրով կամ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման, այդ թվում` բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների մասին.
4) փոփոխված ծրագիրը.
5) երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու հիմնավորումները:
6. Սույն հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված դիմումի հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան խնդրարկվող ժամկետով:
7. Երկրաբանական ուսումնասիրության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ և 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կանոնները:
8. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
9. Սույն հոդվածի 1-ին և 4-7-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ մասի վրա:
(42-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, փոփ. 23.04.19 ՀՕ-24-Ն, լրաց., փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն)