Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-02-ից մինչև 2023-12-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 11. Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները

գործել է մինչև 2023-12-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում է օպերատորը, որն ընտրվում է մրցութային եղանակով։ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կարող են կազմակերպվել նաև «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ օպերատորը 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն է, որը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան ստեղծված՝ համայնքին պատկանող 100 տոկոս բաժնետոմսերով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություն է:

2. Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները կազմակերպում և անցկացնում են լիազոր մարմնի, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներինը` համապատասխան համայնքի ղեկավարի կազմած մրցութային հանձնաժողովները` մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան:

3. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի անցկացման, մրցույթի մասնակցության պայմաններն ու մրցույթի հաղթողին որոշելու կարգը, ինչպես նաև մրցույթում հաղթողին որոշելու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է ունենան 10-ից ոչ ավելի տարիք և համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և արտադրողի կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի փոխադրումներ իրականացնելու համար: Ներհամայնքային (բացառությամբ բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջև) կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ միջմարզային, ներմարզային և բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջև կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5․ Բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային երթուղային ցանցն սպասարկող օպերատորի ընտրության մրցույթը կարող է կազմակերպել լիազոր մարմինը՝ համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա։

6. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորվում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի և փոխադրումներն իրականացնող կազմակերպության միջև կնքված համապատասխան պայմանագրով, որի պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգով:

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման ընթացքում երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորումը, իսկ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը փոխադրումների վերահսկողության աշխատանքները կարող են իրականացնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայության միջոցով: Էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ավտոմատացված համակարգերն ստեղծում են սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող մարմինները, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունն ստանում է էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ավտոմատացված համակարգերի տեղեկատվական շտեմարաններից։ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար օպերատորի ընտրությունը մրցույթի կամ գնման գործընթացի միջոցով կազմակերպելու մասին որոշումն ընդունում է տվյալ համայնքի ղեկավարը, որը փոփոխման ենթակա չէ մրցույթի կազմակերպման կամ գնման ողջ գործընթացում։

10. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիների սպասարկումն իրականացվում է մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքերի, երբ երթուղիների սպասարկումն իրականացվում է տվյալ համայնքի ավագանու սահմանած փոխադրավարձով։

11․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից իրականացվելու դեպքում երթուղիների սպասարկման պայմանագիրը նրա հետ կնքվում է առանց մրցույթ անցկացնելու կամ գնման գործընթաց կազմակերպելու: 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

12․ Երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում՝ ավագանու որոշմամբ:

12.1. Գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում փոխադրավարձը վերանայվում է ավագանու որոշմամբ:

13․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով գնման գործընթացի միջոցով օպերատորի ընտրության դեպքում՝

1) երթուղիների սպասարկման ծառայությունները ձեռք են բերվում օպերատորի և համայնքի ղեկավարի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով՝ 5-10 տարի ժամկետով, որի ձևը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ՝ հաշվի առնելով «Գնումների մասին» օրենքով պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները․

2) կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար փոխադրավարձը սահմանվում է համայնքի ավագանու որոշմամբ, որը կարող է վերանայվել սույն հոդվածի 12-րդ մասի պահանջներին համապատասխան:

14․ Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով օպերատորի ընտրության դեպքում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների փոխադրավարձը գանձում է համայնքը՝ օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված համապատասխան սարքերի կամ վճարման այլ միջոցներով, և ամբողջովին ուղղվում է համայնքի բյուջե, իսկ մրցութային եղանակով ընտրված օպերատորի դեպքում երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը գանձում է օպերատորը:

15. «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

(11-րդ հոդվածը լրաց., խմբ. 20.11.14 ՀՕ-163-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-17-Ն, փոփ., խմբ. 08.02.18 ՀՕ-106-Ն, խմբ., լրաց. 24.11.22 ՀՕ-452-Ն, լրաց. 09.02.22 ՀՕ-31-Ն, խմբ. 14.07.22 ՀՕ-297-Ն, փոփ., լրաց. 12.07.23 ՀՕ-250-Ն)

(09.02.22 ՀՕ-31-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

(14.07.22 ՀՕ-297-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

(24.11.22 ՀՕ-452-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

(հոդվածը 12.07.23 ՀՕ-250-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից)

(12.07.23 ՀՕ-250-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։