Հոդված 17. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները
Հոդված 17. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները
1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումները (տաքսամոտորային փոխադրումները) կազմակերպվում են բնակչությանը կամ կազմակերպություններին ծառայություններ մատուցելու նպատակով:
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փոխադրումների և տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք` լիցենզիայի առկայության դեպքում: Ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են իրականացնել անձամբ` մեկ ավտոմոբիլով:
Հայաստանի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն`
ա) սակաչափիչով.
բ) տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշանով.
գ) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվությունով.
դ) թափքի կողային մասում և ուղեսրահում գնացուցակով, որն առնվազն պետք է ներառի ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):
3. Երկդռնանի (չհաշված բեռնախցիկի դուռը), աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ, ձեռքի միջոցով արգելակային կառավարմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային փոխադրումների կազմակերպումն (իրականացումը) արգելվում է:
4. Մարդատար-տաքսի ավտոմոբիլների նստեցումները կատարվում են`
ա) տաքսի ավտոմոբիլների համար հատուկ նախատեսված կանգառներում.
բ) ճանապարհափողոցային ցանցի տեղամասերում, որտեղ թույլատրված է համապատասխան ավտոտրանսպորտային միջոցների կանգառը.
գ) ուղևորների պատվերով` ուղևորի նշված վայրում:
5. Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցումն իրականացվում է տաքսու կայանատեղից կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված վայրերից՝ ուղևորների պատվերով:
6. Օդանավակայանի տարածքի տաքսու կայանատեղից ծառայություն կարող են մատուցել միայն այն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում և սակաչափիչ ունեցող ավտոմոբիլներ:
8. Օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է պահպանեն օդանավակայանի կառավարչի սահմանած՝ օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերի պահանջները:
(17-րդ հոդվածը խմբ. 20.11.14 ՀՕ-168-Ն, փոփ., լրաց. 18.01.22 ՀՕ-8-Ն )