Հոդված 27. Փոխադրումների անվտանգությանը ներկայացվող պահանջները
Հոդված 27. Փոխադրումների անվտանգությանը ներկայացվող պահանջները
1. Ավտոտրանսպորտային միջոցների քաշային (լրիվ քաշը և կամրջակի վրա բեռնվածությունը) և եզրաչափային պարամետրերը փոխադրումների իրականացման ընթացքում պետք է համապատասխանեն փոխադրման երթուղու ավտոմոբիլային ճանապարհի փաստացի տեխնիկական կարգին և չգերազանցեն երթուղու ուղեգծով տեղաբաշխված կամուրջների, էստակադաների, այլ արհեստական կառույցների բեռնվածության և եզրաչափային պարամետրերի առավելագույնը:
Փոխադրումների պահանջները չբավարարող, ինչպես նաև փոխադրումների անվտանգությանը սպառնացող երթուղիներով փոխադրումների կազմակերպումն արգելվում է:
2. Փոխադրումների ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների շարժման արագությունները չպետք է գերազանցեն չվացուցակով կամ ճանապարհային պայմաններով սահմանված արագությունները, շարժման ուղղությունները պետք է համապատասխանեն չվացուցակով նախատեսված ուղեգծին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Երեխաների և դպրոցականների զբոսաշրջային և զանգվածային փոխադրումների կազմակերպումը երեք և ավելի ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվում է պետավտոտեսչության մարմինների տեղեկացմամբ, ավտոշարասյան հատուկ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցմամբ, փոխադրումն ուղեկցող ավտոտրանսպորտային միջոցներում չափահաս անձանց (15 երեխային մեկ ուղեկցող անձի հաշվարկով) ուղեկցմամբ և հետևյալ պայմաններով.
ա) ավտոբուսների շարժումը պետք է իրականացվի օրվա լուսավոր ժամերին.
բ) միանգամյա` մինչև երկու ավտոտրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման դեպքում` 60 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ և մոտակա լուսարձակների միացմամբ.
գ) զանգվածային փոխադրումների իրականացման ընթացքում` ավտոշարասյան ուղեկցմամբ` 40 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ:
Զբոսաշրջային և հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում խմբերի ղեկավարների ընտրությունը, ավտոբուսից օգտվելու և ուղևորության ընթացքում վարքագծի մասին հրահանգավորումն իրականացնում է պատվիրատուն:
Երեխաների զբոսաշրջային և հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտոբուսի լուսամուտները շարժման ընթացքում պետք է լինեն փակ, ուղեկցողները գտնվեն յուրաքանչյուր դռան մոտ:
4. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական պատրաստականության ապահովման համար սպասարկումներ և նորոգումներ իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաները պետք է համապատասխանեն սպասարկվող ավտոտրանսպորտային միջոցների դասերին, իսկ սպասարկումների ու նորոգումների գործունեություն իրականացնող պատասխանատու աշխատողներն ունենան համապատասխան մասնագիտական որակավորում:
5. Ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրումների իրականացումը թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների` արտադրող գործարանի կողմից կամ օրենքով սահմանված կարգով թույլատրված նստատեղերի և բեռնվածության սահմաններում:
6. Ավտովարորդի աշխատանքային հերթափոխի` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմատիվային տևողությունը գերազանցող միջպետական և միջքաղաքային երթուղիների սպասարկումը պետք է կազմակերպվի երկու ավտովարորդով, ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն քնելու տեղով: