Հոդված 10. Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի կազմակերպումը
Հոդված 10. Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի կազմակերպումը
1. Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկումն իրականացվում է չվացուցակի և երթուղու սխեմայի (իսկ ներհամայնքային երթուղիներում՝ սահմանված ուղեգծով) հիման վրա: Չվացուցակը պետք է ապահովի ուղևորների փոխադրման փաստացի պահանջարկի բավարարումը, ավտովարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի կազմակերպումը, ավտոբուսների արդյունավետ շահագործումը և փոխադրումների անվտանգությունը: Առանց չվացուցակի և երթուղու սխեմայի (իսկ ներհամայնքային երթուղիներում՝ սահմանված ուղեգծով)` երթուղիների սպասարկումն արգելվում է:
1.1. Միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը՝ համագործակցելով այլ պետությունների տրանսպորտի ոլորտը կանոնակարգող համապատասխան լիազոր մարմինների հետ, և հրապարակում լիազոր մարմնի ինտերնետային կայքում:
2․ Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է լիազոր մարմինը, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը՝ համապատասխան համայնքի ղեկավարը՝ կանոնավոր փոխադրումների ուղեգծերն ու չվացուցակները նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: Համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցման ներկայացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ներհամայնքային երթուղային ցանցի վերաբերյալ լիազոր մարմինը տալիս է համաձայնություն կամ վերադարձնում է երթուղիների փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններով:
3. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները մշակում և հաստատում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը:
4. Միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները կարող են կազմակերպվել նաև երթուղային տաքսու ռեժիմով` մշտական ուղևորահոսքի առկայության պայմաններում` չվացուցակներով, փոփոխական ուղևորահոսքի դեպքերում` ըստ ուղևորակուտակումների առաջացման միջակայքերի:
5․ Միջմարզային և ներմարզային կամ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների չվացուցակներում կամ ուղեգծերում փոփոխությունները հաստատում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի ղեկավարը՝ երթուղային ցանցն սպասարկող օպերատորի առաջարկությամբ կամ տեսչական մարմնի իրականացրած ուսումնասիրության արդյունքների հիման վրա կամ համապատասխան մարմնի իրականացրած ուսումնասիրության արդյունքների հիման վրա:
(10-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-17-Ն, փոփ., խմբ. 08.02.18 ՀՕ-106-Ն, խմբ., լրաց. 24.11.22 ՀՕ-452-Ն)