Հոդված 26.1. Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, գազաբալոնների պարբերական վկայագրումը և լցավորումը
Հոդված 26.1. Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, գազաբալոնների պարբերական վկայագրումը և լցավորումը
1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա (այսուհետ` լիցենզավորված անձ):
2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումից, գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), իսկ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում է էլեկտրոնային շտեմարան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:
4. Արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:
5. Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
6. Արգելվում է ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը:
7. Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արևի ուղիղ ճառագայթներից, ձյան և անձրևի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց և պետք է ապահովվի հասանելիություն գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունն ստուգելու նպատակով:
8. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(26.1-ին հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-48-Ն)
(20.01.21 ՀՕ-48-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)