Հոդված 16. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների կազմակերպումը
Հոդված 16. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների կազմակերպումը
1. Միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղևորների նույն խմբին միայն նշանակման վայր փոխադրելու և դատարկ վերադառնալու, կամ դատարկ մեկնելու և նշանակման վայրից ուղևորներ փոխադրելու, կամ դեպի նշանակման վայր և վերադարձի ուղղությամբ փոխադրումների կազմակերպման միջոցով: Միջպետական ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում վերադարձի ուղղությամբ կարող են փոխադրվել միայն այն խմբերը, որոնք նշանակման վայր են փոխադրվել տվյալ փոխադրողի կողմից: Միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների ժամանակ թույլատրվում է սահմանված խմբից ավելի կամ այլ ուղևորների փոխադրումը յուրաքանչյուր 10 ուղևորի դեպքում ոչ ավելի, քան մեկ ուղևոր:
2. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-17-Ն)
3. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների պատվերների ձևակերպումը և փոխադրումների կազմակերպումն ու սպասարկման ռեժիմը յուրաքանչյուր դեպքում սահմանվում են պատվիրատուի և փոխադրողի համաձայնությամբ:
Ոչ կանոնավոր միջպետական փոխադրումներ իրականացնող ավտովարորդի մոտ պետք է գտնվի ուղևորների անվանացուցակը:
3.1. Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության և փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետությունների միջև կնքված՝ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրերի և սույն օրենքի պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն ավտոկայարաններից և ավտոկայաններից, իսկ տրանսպորտային միջոցների կայանումը, պահպանումը (գիշերակացը), տեխնիկական նախաուղերթային զննությունը, դրանց վարորդների բուժզննումը պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետությունում ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպություններում, և դրա վերաբերյալ պետք է նշում կատարվի տրանսպորտային միջոցի ճանապարհային թերթիկում: Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների յուրաքանչյուր երթի համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով: Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրման երթի իրականացման ամբողջ ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագիրը պետք է լինի վարորդի մոտ:
4. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում ուղևորների և փոխադրողների հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և պայմանագրով:
(16-րդ հոդվածը խմբ, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-17-Ն)