Հոդված 66. Փրկարարական ծառայողի կարգապահությունը
Հոդված 66. Փրկարարական ծառայողի կարգապահությունը
1. Փրկարարական ծառայողի կարգապահությունը Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոնադրություններով և հրամանատարների (պետերի) հրամաններով սահմանված կարգ ու կանոնի խստիվ ու ճշգրիտ պահպանումն է բոլոր ծառայողների կողմից:
2. Կարգապահության նպատակը մարդու իրավունքները սահմանափակելը և բացառելը չէ, այլ համախմբվածություն, մասնագիտական պատրաստություն ապահովելն է Փրկարար ծառայության առաջ ծառացած խնդիրները կատարելու համար:
3. Կարգապահությունը հիմնված է յուրաքանչյուր փրկարարական ծառայողի կողմից ծառայողական պարտքի և անձնական պատասխանատվության գիտակցման վրա:
4. Կարգապահությունը պարտավորեցնում է յուրաքանչյուր փրկարարական ծառայողի`
1) հավատարիմ լինել փրկարարական ծառայողի երդմանը, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, իր պարտքը կատարել հմտորեն և արիաբար, բարեխղճորեն ուսումնասիրել գործը, պահպանել գույքը.
2) պահպանել փրկարարական ծառայողների միջև հարաբերությունների սահմանված կանոնները.
3) հարգել հրամանատարներին (պետերին) ու միմյանց, պահպանել քաղաքավարության և ողջույնի կանոնները.
4) իրեն արժանապատվությամբ պահել հասարակական վայրերում, թույլ չտալ անվայել արարք ու նույնը պահանջել ուրիշներից, աջակցել քաղաքացիների պատվի և արժանապատվության պահպանմանը:
5. Բարձր կարգապահությունը ձեռք է բերվում`
1) իր պարտականությունների, փրկարարական ծառայության կանոնագրքերի և կանոնադրությունների պահանջների կատարման համար յուրաքանչյուր փրկարարական ծառայողի անձնական պատասխանատվությամբ.
2) ստորաբաժանումում ներքին կարգ ու կանոնի պահպանմամբ.
3) ծառայողական պատրաստության հստակ կազմակերպմամբ և այդ գործում անձնակազմի լրիվ ընդգրկմամբ.
4) ենթակաների նկատմամբ հրամանատարների (պետերի) ամենօրյա խստապահանջությամբ, նրանց արժանապատվության հարգմամբ, նրանց հանդեպ մշտական հոգատարությամբ, համոզման, հարկադրանքի և կոլեկտիվի հասարակական ներգործության միջոցների հմուտ զուգորդմամբ ու ճիշտ կիրառմամբ.
5) ստորաբաժանումներում անհրաժեշտ նյութական, կենցաղային պայմանների ստեղծմամբ:
(հոդվածը 02.10.25 ՀՕ-320-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը)
(02.10.25 ՀՕ-320-Ն օրենքն ունի անցումային դրույթ)