Հոդված 24. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը
Հոդված 24. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը
1. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխելու քաղաքացիությունը՝ դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե՝
1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
2) նրա նկատմամբ կա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության շահերին.
4) նա ունի պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորություններ.
5) նա ունի «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով նախատեսված պարտավորություններ, մասնավորապես՝
ա. տվյալ տարվա ընթացքում լրանում է արական սեռի քաղաքացու 16 տարին, և վերջինս պետք է կատարի զինվորական հաշվառման կանգնելու իր պարտականությունը,
բ. ունենալով զինվորական հաշվառում՝ չի զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության կամ չի հաշվառվել զինված ուժերի պահեստազորում,
գ. հաշվառված է զինված ուժերի պահեստազորում, սակայն ունի օրենքով սահմանված բժշկական փորձաքննություն (վերափորձաքննություն) անցնելու պարտականություն,
դ. քաղաքացիության դադարեցման մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում ընդգրկված է կազմակերպվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին,
ե. դիմումի քննարկման ժամանակահատվածում հայտարարվել կամ գործում է ռազմական դրության իրավական ռեժիմ:
3. Այլ պետության քաղաքացիություն չունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման (տեղեկանքի) հիման վրա: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելիս սույն մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու անհնարինության դեպքում քաղաքացին այն կարող է ներկայացնել դիմելու օրվանից սկսած՝ եռամսյա ժամկետում: Սույն մասով սահմանված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) եռամսյա ժամկետում չներկայացվելու դեպքում դիմումն ընդունած մարմինը քաղաքացու դիմումը մերժում է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դիմումը մերժելուց հետո քաղաքացին մեկ տարվա ընթացքում կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու դեպքում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով պահանջվող տեղեկությունների իսկության և հավաստիության համար պատասխանատվություն է կրում փաստաթուղթը ներկայացնող անձը: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում, պարզվի, որ անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, և առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված՝ քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու հիմքեր, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը նախաձեռնում է անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կազմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին եզրակացություն և ներկայացնում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով՝ այն սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկելու և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին եզրակացություն ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով անձի քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը՝ սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն անձի քաղաքացիության վերաբերյալ հարցը լուծելու համար։
(24-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն, լրաց. 07.05.15 ՀՕ-33-Ն, խմբ. 08.12.21 ՀՕ-393-Ն)