Հոդված 21. Հայտի հետկանչը և փոփոխությունը
Հոդված 21. Հայտի հետկանչը և փոփոխությունը
1. Մինչև աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշման ընդունումը հայտատուն կարող է դիմել պետական լիազոր մարմին՝
1) հայտը հետ կանչելու համար.
2) հայտի փաստաթղթերում լրացումներ, փոփոխություններ և (կամ) ճշգրտումներ կատարելու համար, պայմանով, որ այդ գործողություններն էականորեն չեն ազդում գրանցման ներկայացված անվանման վրա և չեն ընդլայնում այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է գրանցումը։
2. Լրացումները, փոփոխությունները և (կամ) ճշգրտումները, որոնք էականորեն փոխում են գրանցման ներկայացված անվանումը կամ ընդլայնում են ապրանքների ցանկը, հաշվի չեն առնվում։ Դրանք կարող են դառնալ նոր հայտի առարկա։
3. Եթե հայտն արդեն հրապարակվել է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, ապա դրա հետկանչի կամ դրա փաստաթղթերում կատարված լրացումների, փոփոխությունների և (կամ) ճշգրտումների մասին տեղեկությունները նույնպես հրապարակվում են։
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարվում են օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով։
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի ձևը, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը։