Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-01-ից մինչև 2023-08-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Ապրանքային նշանի օգտագործումը և այն չօգտագործելու հետևանքները

գործել է մինչև 2023-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 17. Ապրանքային նշանի օգտագործումը և այն չօգտագործելու հետևանքները

1. Սույն հոդվածի իմաստով ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝

1) դրա զետեղումն այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, կամ դրանց փաթեթավորման վրա.

2) դրա կիրառումը գովազդներում, հրատարակություններում, պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում միայն այն դեպքերում, երբ ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա նշանի կիրառումն անհնար է.

3) սույն մասի 2-րդ կետում նշված գործողությունների կատարումը ծառայությունների համար:

2. Ապրանքային նշանի գրանցումը կարող է ցանկացած անձի կողմից ներկայացված հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ հայտարարվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` հինգ տարի անընդմեջ, կամ հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում՝ դրան անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` այդ իրավունքն ունեցող անձի կողմից: Ապրանքային նշանի օգտագործման ապացույցները ներկայացնում է դրա իրավատերը կամ սույն օրենքի համաձայն` տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:

3. Ապրանքային նշանը համարվում է իրական օգտագործման մեջ դրված, եթե դրա իրավատերը կամ սույն օրենքի համաձայն` տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը ապրանքային նշանն օգտագործել է որոշակի ժամանակահատվածում անընդհատ կամ որոշակի պարբերականությամբ արտադրվող կամ տնտեսական շրջանառության մեջ դրվող ապրանքի կամ ծառայության նկատմամբ, որի համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը, պայմանով, որ նշված օգտագործումը համապատասխանում է տվյալ ապրանքի կամ ծառայության իրացման մակարդակին:

4. Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայցը կամ հակընդդեմ հայցը չի կարող բավարարվել, եթե նշված ժամանակահատվածի ավարտից մինչև համապատասխան հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնելը ապրանքային նշանը դարձել է զիջման կամ լիցենզային պայմանագրի առարկա, կամ սկսվել կամ վերականգնվել է ապրանքային նշանի իրական օգտագործումը։ Ընդ որում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործման սկիզբը կամ վերականգնումը տեղի է ունեցել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնելուց երեք ամիս առաջ, իսկ այդ ժամկետն սկսվում է հինգ տարի անընդմեջ չօգտագործման ժամանակահատվածի ավարտից ոչ շուտ, ապա օգտագործումը հաշվի չի առնվում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործումն սկսելու կամ վերականգնելու նախապատրաստումն իրականացվել է միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորության մասին:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով ապրանքային նշանի գրանցման գործողությունը չի կարող դադարեցվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե՝

1) ապրանքային նշանի իրավատերը կամ սույն օրենքի համաձայն` այն օգտագործելու իրավունք ունեցող անձը փաստարկներ է ներկայացնում, որ ապրանքային նշանն իրական օգտագործման մեջ չդնելը պայմանավորված է իրենից անկախ, անհաղթահարելի, չնախատեսված հանգամանքներով.

2) ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` այն օգտագործելու իրավունք ունեցող անձի կողմից ապրանքային նշանն օգտագործվել է այնպիսի ձևով, որը տարբերվում է գրանցվածից դրա տարբերակիչ բնույթը չփոփոխող միայն առանձին տարրերով.

3) Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանը զետեղվել է ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորման վրա բացառապես արտահանման նպատակով:

(հոդվածը 13.04.23 ՀՕ-143-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո)

(13.04.23 ՀՕ-143-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։