Հոդված 9. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքերը
Հոդված 9. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքերը
1. Որպես ապրանքային նշան` գրանցման ենթակա չէ այն նիշը, որը՝
1) չի համապատասխանում սույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին.
2) չունի տարբերակիչ հատկություն.
3) բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից, որոնք առևտրում ծառայում են ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակը, ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, ստեղծման նպատակը, արժեքը, աշխարհագրական ծագումը կամ այլ բնութագրերը նշելու համար.
4) բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից կամ ցուցումներից, որոնք համընդհանուր են դարձել խոսակցական պրակտիկայում կամ առևտրային պրակտիկայում.
5) բացառապես ներկայացնում է ապրանքի արտաքին ձևը, որը բխում է զուտ ապրանքի բնույթից (հատկություններից), տեխնիկական արդյունքի հասնելու անհրաժեշտությունից կամ բնորոշում է ապրանքի նշանակությունը (գործառնությունը) կամ ապրանքին տալիս է էական արժեք.
6) հակասում է հասարակական կարգին, մարդասիրության կամ բարոյականության սկզբունքներին, ինչպես նաև անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին.
7) սպառողներին կարող է մոլորության մեջ գցել ապրանքների կամ ծառայությունների աշխարհագրական ծագման, դրանց որակի, բնույթի կամ արտադրողի վերաբերյալ հարցերում.
8) վերարտադրում կամ պարունակում է պետական զինանշաններ, դրոշներ կամ խորհրդանիշեր, պետությունների պաշտոնական անվանումներ կամ դրանց կրճատ ձևեր, միջազգային և միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշեր, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ ու այլ տարբերանշաններ (Փարիզյան կոնվենցիայի 6.ter հոդվածի համաձայն) կամ շփոթելու աստիճան նման է դրանց.
9) վերարտադրում է նշաններ կամ խորհրդանիշեր, որոնք չեն պահպանվում Փարիզյան կոնվենցիայի 6.ter հոդվածով, սակայն ներկայացնում են հատուկ հասարակական հետաքրքրություն.
10) պարունակում է մեծ նշանակություն ունեցող հոգևոր կամ մշակութային ժառանգություն համարվող խորհրդանիշեր, մասնավորապես կրոնական, եթե այն պարունակում է կրոնական կամ բարոյական արժեքները նսեմացնող տարրեր.
11) վերարտադրում կամ պարունակում է տարրեր, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են Հայաստանի Հանրապետության կամ համաշխարհային մշակութային ժառանգության պատկերներին կամ դրանց պաշտոնական անվանումներին, ինչպես նաև ֆոնդերում և հավաքածուներում պահպանվող մշակութային արժեքների պատկերներին, եթե գրանցումը հայտարկվում է այն անձի անունով, որը դրա իրավատերը չէ կամ չունի համապատասխան թույլտվություն.
12) բաղկացած կամ պարունակում է աշխարհագրական նշում և գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, եթե այդ ապրանքային նշանի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում մոլորության մեջ է գցում հանրությանն ապրանքների իրական ծագման վայրի հարցում: Նշված դրույթը կիրառվում է նաև այն աշխարհագրական նշման նկատմամբ, որը, չնայած նշում է ապրանքների իրական ծագումը, սակայն մոլորեցնում է հանրությանը` իբր ապրանքները ծագել են մեկ այլ տարածքից.
13) բաղկացած կամ պարունակում է գինիներ անհատականացնող աշխարհագրական նշում այն գինիների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, կամ սպիրտային խմիչքներ անհատականացնող աշխարհագրական նշում այն սպիրտային խմիչքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերը չեն կիրառվում, եթե հայտատուն բավարար ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ օգտագործման արդյունքում մինչև հայտի ներկայացման թվականը տվյալ ապրանքային նշանը տարբերակիչ հատկություն է ձեռք բերել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման է ներկայացվել:
2.1.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերում նշված նիշերը, բացառությամբ պետությունների պաշտոնական անվանումների, դրանց կրճատ ձևերի և շփոթելու աստիճան նման նիշերի, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե նրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, և եթե առկա է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը։
3.1. Պետությունների պաշտոնական անվանումները, դրանց կրճատ ձևերը կամ դրանց շփոթելու աստիճան նման նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, և այդ ապրանքային նշանի օգտագործումն անհարիր չէ պետության հեղինակության համար և չի նսեմացնի այն:
3.2.
4. Աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները, որոնք պահպանվում են Հայաստանի Հանրապետությունում, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ միայն այն դեպքում, երբ հայտատուն օրենքով սահմանված կարգով ստացել է դրանց օգտագործման իրավունք: Այլ երկրների աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները թույլատրվում է օգտագործել գրանցվող ապրանքային նշանում, եթե դա չի հակասում սույն օրենքի պահանջներին, գրանցված է ծագման երկրում, և հայտատուն ունի դրա օգտագործման իրավունք։ Ապրանքային նշանում ներառված գրանցված աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները ապրանքային նշանի չպահպանվող տարրեր են։
(9-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.05.11 ՀՕ-184-Ն)
(հոդվածը 13.04.23 ՀՕ-143-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո)
(13.04.23 ՀՕ-143-Ն օրենքն ունի անցումային դրույթ)