Հոդված 19. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը
Հոդված 19. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը
1. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է բազմակի երկարաձգվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով:
2. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգվում է դրա իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա, որը ներկայացվում է պետական լիազոր մարմին և քննարկվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։
3. Դիմումը տրվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:
4. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաև ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացված դիմումի հիման վրա՝ լրացուցիչ պետական տուրք վճարելու դեպքում:
5. Ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգված ժամկետը հաշվարկվում է նախորդող տասը տարվա ժամանակահատվածին հաջորդող օրվանից։
6. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին պետական լիազոր մարմինը գրառում է կատարում պետական գրանցամատյանում, ապրանքային նշանի վկայագրում (իրավատիրոջ ցանկությամբ) և տեղեկություններ է հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
7. Դիմումի ձևը, դրա ձևակերպման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը:
8. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու օգտին:
9. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումի որևէ նշման կամ ցուցումի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:
10. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտի մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է դրա իրավատիրոջը՝ ապրանքային նշանի գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա իններորդ ամսվա ընթացքում:
(19-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)
(հոդվածը 13.04.23 ՀՕ-143-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո)
(13.04.23 ՀՕ-143-Ն օրենքն ունի անցումային դրույթ)