Հոդված 42. Ապրանքային նշանի առաջնությունը և առաջնության իրավունքը
Հոդված 42. Ապրանքային նշանի առաջնությունը և առաջնության իրավունքը
1. Ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականով:
2. Եթե անձը կամ նրա իրավահաջորդը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներից մեկում սահմանված կարգով ապրանքային նշանի հայտ է ներկայացրել (առաջին հայտ), ապա դրա ներկայացման թվականից հետո` վեց ամսվա ընթացքում, նույն ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելիս հայտատուն օգտվում է առաջին հայտի ներկայացման թվականով ապրանքային նշանի առաջնության (միջազգային առաջնություն) սահմանման իրավունքից:
3. Եթե անձը կամ նրա իրավահաջորդը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներից մեկում անցկացված միջազգային ցուցահանդեսում որևէ ապրանքային նշանի ներքո ապրանքներ և (կամ) ծառայություններ է ցուցադրել (առաջին ցուցադրում), ապա դրանից հետո` վեց ամսվա ընթացքում, նույն ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար պետական լիազոր մարմին նույն ապրանքային նշանի հայտ ներկայացնելիս նա օգտվում է առաջին ցուցադրման թվականով ապրանքային նշանի առաջնության (ցուցահանդեսային առաջնություն) սահմանման իրավունքից:
Ցուցահանդեսը համարվում է միջազգային, եթե այն կազմակերպվել է պաշտոնապես, և դրան մասնակցել են արտադրողներ, ծառայություն մատուցողներ մի քանի երկրներից, ինչպես նաև այդ ցուցահանդեսի մասին տեղեկությունը համապատասխան ձևով մատչելի է դարձել հանրությանը։
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթների համաձայն` առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պետական լիազոր մարմին է ներկայացնում համապատասխանաբար առաջին հայտի պատճենը, որը վավերացված է առաջին հայտի ներկայացման մարմնի կողմից, և դրա հայերեն թարգմանությունը կամ միջազգային ցուցահանդեսի կազմակերպչի տված հավաստագիրը (վկայագիրը), որտեղ առաջին անգամ այդ ապրանքային նշանի ներքո ցուցադրվել են ապրանքները և (կամ) ծառայությունները։ Առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պարտավոր է այդ մասին դիմում ներկայացնել հայտի հետ կամ հայտի ներկայացման թվականից հետո` երկու ամսվա ընթացքում, և նշված փաստաթղթերը ներկայացնել հայտի ներկայացման թվականից հետո` երեք ամսվա ընթացքում՝ վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը։
5. Եթե պետական լիազոր մարմինը համարում է, որ սույն հոդվածի 4-րդ մասի պահանջները պահպանված չեն, ապա սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված առաջնության իրավունքից օգտվելու մասին դիմումը համարվում է չներկայացված։