Հոդված 25
Հոդված 25.
Դոնորի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
1. Դոնորն իրավունք ունի`
1) մինչև արյունատվությունը լիարժեք տեղեկատվություն ստանալու արյունատվության գործընթացի, դոնորության հետ կապված հնարավոր բարդությունների, դոնորական արյան հետազոտման կարգի, դոնորի իրավունքների, պարտականությունների և դոնորին տրամադրվող արտոնությունների վերաբերյալ.
2) տեղեկատվություն ստանալու բժշկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին.
3) ստանալու արյունատվության ընթացքում պատճառված առողջական վնասի դիմաց փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով.
4) արյունատվությունից ինքնաբացարկ, ինչպես նաև արյունատվությունից հետո արյունը կամ արյան բաղադրամասերը օգտագործման համար ոչ պիտանի հայտարարելու` առանց պատճառների պարզաբանման.
5) պահանջելու իր արյունատվության վերաբերյալ գաղտնիության ապահովում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
2. Դոնորը պարտավոր է հայտնել նախկինում իր կրած կամ տվյալ պահին առկա հիվանդությունների և վարքագծային գործոնների վերաբերյալ (ծխախոտ, ալկոհոլ օգտագործելը և դրա հաճախանականությունը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածություն և դրա հաճախականությունը) պահանջվող տեղեկությունները:
3. Դոնորը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր առողջական վիճակի և վարքի վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու կամ աղավաղելու համար, եթե դրա հետևանքով պատճառվել կամ կարող էր պատճառվել վնաս ռեցիպիենտի առողջությանը:
(25-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)