Հոդված 24. Կացարանի իրավունքը
Հոդված 24. Կացարանի իրավունքը
1. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազոր մարմին դիմած ապաստան հայցողներին և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված նրանց ընտանիքի անդամներին (այսուհետ` ապաստան հայցողի ընտանիքի անդամներ) լիազոր մարմինը տեղավորում է սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց տրամադրվում են սնունդ (օրական երեք անգամ), սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ և կոշիկ (այսուհետ` կենսաապահովման պայմաններ):
Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման և կենսաապահովման պայմանների տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
Սույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` ապաստանի դիմումը հաշվառելուց հետո ապաստան հայցողները կամ կարող են շարունակել մնալ Ժամանակավոր տեղավորման կենտրոնում կամ բնակվել այլ վայրում իրենց սեփական միջոցներով:
Առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողները ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորվում են առաջնահերթության կարգով՝ հաշվի առնելով նրանց լավագույն շահերը և խորհրդակցելով նրանց ներկայացուցչի հետ:
2. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` լիազոր մարմին դիմած ապաստան հայցողներին և ապաստան հայցողի ընտանիքի անդամներին լիազոր մարմինը տեղավորում է սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ապաստան հայցողների Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, տրամադրվում են կենսաապահովման պայմաններ մինչև իրենց դիմումի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը:
3. Ապաստանի մերժում ստացած փախստականներին լիազոր մարմինը կարող է թույլատրել շարունակել բնակությունը Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, մինչև նրանք կլքեն Հայաստանի Հանրապետությունը կամ ապաստան կստանան սույն օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
(24-րդ հոդվածը լրաց. 16.12.15 ՀՕ-193-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-292-Ն)