Հոդված 34. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը
Հոդված 34. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-292-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-470-Ն)
1. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը նախարարությանը ենթակա Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին):
2. Լիազոր մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը:
3. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-470-Ն)
4. Լիազոր մարմինը`
1) քննարկում է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի տրամադրման մասին դիմումները, նրանց տրամադրում է իրավական, սոցիալական և այլ բնույթի օժանդակություն.
2) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների կենտրոնացված հաշվառում, պահում է տեղեկատվական բանկ և իրականացնում է այդ բանկի մշտական թարմացումը.
3) իրականացնում է ապաստանի դիմումին առնչվող` սույն օրենքով սահմանված ընթացակարգերը և ունի դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու բացառիկ իրավասություն.
3.1) Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սահմանված կարգով տրամադրում է փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ.
4) դիմում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցով.
5) անհրաժեշտության դեպքում դիմում է Ազգային անվտանգության ծառայություն, Արտաքին գործերով լիազոր մարմիններ, ինչպես նաև Ոստիկանություն` ապաստան հայցողների ինքնությունը պարզելու գործում աջակցելու հարցով.
6) սույն օրենքով սահմանված կարգով ապաստանի դիմումների վերաբերյալ ընդունված վերջնական որոշումների մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը.
7) իր իրավասության լիարժեք իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածների իրավունքների իրացման հարցերով համագործակցում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պետական մարմինների և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ.
8) ՄԱԿ ՓԳՀ-ին է տրամադրում փախստականների և ապաստանի հարցերին վերաբերող ամբողջական տեղեկատվություն, ներառյալ` ընդհանուր վիճակագրական բնույթի տեղեկություններ, ինչպես նաև հաշվառման վերցված ապաստան հայցողների և փախստականների անվանական ցուցակները, ապաստան հայցողների և փախստականների անձնական գործերը` նրանց համաձայնությամբ.
9) առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների կողմից ապաստանի տրամադրման դիմում ներկայացնելուն պես դիմում է Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմին, անհրաժեշտության դեպքում` Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժիններ` առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս և հաշմանդամություն ունեցող ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը կազմակերպելու հարցով.
10) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-470-Ն)
11) աջակցում է ապաստանի հարցերին առնչվող պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների աշխատողների համար անհրաժեշտ վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը.
12) առաջարկություններ է ներկայացնում հանրապետության բնակչության վերաբնակեցման, բնակչության ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ.
13) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-470-Ն)
14) աջակցում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու, կրթական, առողջապահական, իրավական օգնության և այլ հարցերում:
15) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-470-Ն)
16) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-470-Ն)
(34-րդ հոդվածը խմբ. 03.03.11 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 16.12.15 ՀՕ-193-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-292-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-470-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-70-Ն)
(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(Օրենքում գործածվող՝ փախստականի աշխատանքային վնասվածք ստանալու դեպքում սահմանված դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքային խեղում ստացած փախստականի վրա` համաձայն 07.02.24 ՀՕ-70-Ն օրենքի 5-րդ հոդվածի)