Հոդված 15
Հոդված 15.
Հավաստագրման կենտրոնների հավատարմագրումը
Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնները կարող են ստանալ հավատարմագրում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:
Լիազոր մարմինը՝
ա) իրականացնում է հավատարմագրման գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
բ) վարում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
գ) վերահսկում է հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը.
դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։
Հավաստագրման կենտրոնը դատարանի որոշմամբ կարող է զրկվել հավատարմագրումից՝ սույն օրենքի դրույթների կամ հավատարմագրման կարգի պահանջները խախտելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և նրա լիցենզավորած անձանց կողմից կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրեր տրամադրող հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
Այլ պետություններում գործող հավաստագրման կենտրոնների տրամադրած էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը հավասարեցվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների տրամադրած հավաստագրերին` այդ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջպետական պայմանագրերի առկայության դեպքում։