Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-08-04-ից մինչև 2025-07-22։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 10.1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը

գործել է մինչև 2025-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 10.1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-265-Ն, 13.04.23 ՀՕ-139-Ն)

1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Քաղաքաշինության կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):

2. Կոմիտեի անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:

3. Կոմիտեն`

1) իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Կառավարության քաղաքականությունը.

2) մշակում և վարչապետին է ներկայացնում պետական ծրագրերի նախագծեր, որոնց հաստատումից հետո իր լիազորությունների շրջանակներում վերահսկում է դրանց իրականացումը.

3) մշակում և վարչապետին է ներկայացնում քաղաքաշինության բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծեր.

4) մշակում է հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն, գործառական այլ համակարգերի տարածքային կազմակերպման, ինչպես նաև արտադրական կարողությունների, ինժեներական, տրանսպորտային, կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքների տեղաբաշխման, պատմամշակութային ու բնության հատուկ պահպանվող տարածքներ ներառող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր.

5) օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.

5.1) հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.

6) ապահովում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի «ա»-«բ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակումը և այդ նախագծերի հաստատումից հետո` դրանց իրականացման մոնիթորինգը.

7) սույն օրենքի 14.3-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ և 8.1-ին մասերով սահմանված պահանջների ապահովմամբ համակարգում է միկրոռեգիոնալ և տեղական մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները և այդ փաստաթղթերի հաստատումից հետո ապահովում դրանց իրագործման վերահսկողությունը, մշակում է տարածքների և բնակավայրերի կայուն քաղաքաշինական զարգացման ռազմավարությունը.

8) եզրակացություն է տալիս տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շրջանակներում քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ.

9) մշակում և վարչապետի քննարկմանն է ներկայացնում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման, գործունեության կարգի վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծեր.

10) մշակում է քաղաքաշինական և լանդշաֆտային համակարգերի ներդաշնակեցման ծրագրերի, տարածական պլանավորման նորմերի ու կանոնների, ինչպես նաև տարբեր գործառական տարածքների քաղաքաշինական և լանդշաֆտային չափորոշիչներ.

11) մշակում է քաղաքների էկոլոգիական վիճակի բարելավմանը, շրջակա միջավայրի վրա ուրբանիզացիայի բացասական հետևանքների նվազեցմանը նպատակաուղղված, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացման տարածական զարգացման ծրագրեր.

12) մշակում և վարչապետին է ներկայացնում առաջարկություններ՝ շենքերի (այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի), շինությունների պահպանման և անվտանգ շահագործման, ինչպես նաև դրանց արդիականացման (այդ թվում՝ էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացման) վերաբերյալ.

13) մշակում է բնակավայրերի պատմաճարտարապետական միջավայրի քաղաքաշինական վերականգնման ու զարգացման, ճարտարապետության բնագավառի զարգացման, քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների զարգացման, շինարարության բնագավառի զարգացման ծրագրեր և իրականացնում է դրանց մոնիթորինգ.

14) աջակցում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում քաղաքաշինական, ճարտարապետական և լանդշաֆտային համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանը.

15) սահմանում է բնակավայրերի հողերի օգտագործման, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված այլ հողերի քաղաքաշինական սահմանափակումներ և նորմեր.

16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումն ու կադաստրային ամփոփումը.

17) իրականացնում է քաղաքաշինական գործունեության լիցենզավորումը.

18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության հողային պաշարների պետական կառավարումը.

19) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառի գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի մշակումը, տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը.

20) կազմակերպում և համակարգում է շենքերի անձնագրավորման, սեյսմակայունության ուղղությամբ իրականացվող հետազննական, ինչպես նաև գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքները.

21) կազմակերպում և իրականացնում է 4-րդ և 5-րդ ռիսկայնության աստիճան (կատեգորիա) ունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերով սահմանված սահմանային հարկայնությունը գերազանցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննությունը.

22) ապահովում է վտանգավոր երկրաբանական երևույթներից քաղաքաշինական օբյեկտների պաշտպանության ծրագրերի մշակումը և դրանց մոնիթորինգի իրականացումը.

23) կազմակերպում է քաղաքաշինական օբյեկտների լավագույն ճարտարապետական լուծումների ընտրության նպատակով անցկացվող մրցույթներ և աջակցում է դրանց իրականացմանը.

24) քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության բնագավառում մշակում է պլաններ, կազմակերպում է կոմիտեի զորահավաքային ռեսուրսների հաշվառումը և քաղաքացիական պաշտպանության բնագավառի քաղաքաշինական գործունեությանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները.

25) համակարգում է կոմիտեի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքային գործունեությունը.

26) հաստատում է շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի ու փորձարարական նախագծերը և դրանք առաջադրում կիրարկման.

27) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված մասնագիտական գործունեության տեսակներին և ենթատեսակներին համապատասխան պահանջվող մասնագիտական որակավորումների ցանկը.

28) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման գործելակարգերը և պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրերը.

29) հաստատում է որակավորման, էթիկայի և որակի գնահատման hանձնաժողովների անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության և գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը.

30) հաստատում է լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության և մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը, թեստավորման հարցաշարերը, հայտարարության տեքստին ներկայացվող պահանջները.

31) հաստատում է ՇՄԶ-ն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, յուրաքանչյուր մասնագիտության գծով շնորհվող ՇՄԶ-ի կրեդիտների տեսակները, քանակը և դրանց շնորհման չափորոշիչները.

32) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետների գրանցումը.

33) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է մասնագետների հավաստագրումը և հաստատում մասնագետներին տրվող հավաստագրերը.

34) իրականացնում է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի մասնագետների և 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի քաղաքաշինական գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների գրանցամատյանների վարումը, որտեղ առնվազն ներառվում են մասնագետների անհատական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի), կրթության, որակավորման, վերաորակավորման, մասնագիտացման, մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի, լիցենզավորված անձի տվյալների (անվանում և գտնվելու վայր, ազգանուն, անուն, բնակության վայր և հաշվառման հասցե), լիցենզիայի գործունեության տեսակի, գործողության ժամկետի, գործողության ժամկետների երկարաձգման, լիցենզիայի, ներդիրի կամ հավաստագրերի վերաձևակերպման, գործողության կասեցման, գործողության դադարեցման և վարկանիշավորման վերաբերյալ տեղեկություններ, օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկություններ.

35) սահմանում է լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչները.

36) հաստատում է կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի, շինությունների, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները.

37) մշակում և հաստատում է քաղաքաշինական գործունեության ապահովման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումներ, ուղեցույցներ, ձեռնարկներ և սահմանում (տեղայնացնում) է քաղաքաշինության բնագավառում կիրառվող տերմիններ.

38) մշակում է շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման գործողությունների իրականացման ծրագիրը.

39) սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի ու շինությունների, այդ թվում՝ տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների շահագործման մատչելիությունն ապահովող քաղաքաշինական միջոցառումների համալիրը (նորմերը, կանոնները), դրանց կիրառման պայմանները.

40) վարում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորված կազմակերպությունների և մասնագետների էլեկտրոնային գրանցամատյանները.

41) մշակում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը, ինչպես նաև դրանց նպատակային (գործառնական) նշանակության դասակարգման ցանկը (մեթոդաբանությունը), շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակության և դրանց փոփոխման կարգերը.

42) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների տեխնիկական վիճակից ելնելով՝ մշակում է դրանք շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը.

43) մշակում և հաստատում է շենքերի ու շինությունների անձնագրերի օրինակելի ձևերը, անձնագրերի լրացման մեթոդաբանությունը.

44) մշակում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը.

45) մշակում է քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը.

46) համակարգում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով սահմանված կառուցապատման և ներդրումային ծրագրերը.

47) ստեղծում է կոմիտեի նախագահին կից գործող Քաղաքաշինական խորհուրդը.

48) ստեղծում է կոմիտեի նախագահին կից գործող Գիտատեխնիկական խորհուրդը:

Քաղաքաշինական խորհուրդը ճարտարապետաճարտարագիտական, քաղաքաշինական համալիր խնդիրների կոլեգիալ քննարկման և գնահատման նպատակով ստեղծված խորհրդատվական մարմին է, որի կազմը և աշխատակարգը հաստատում է կոմիտեի նախագահը:

Գիտատեխնիկական խորհուրդը քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանված նորմերի կիրառման հետ կապված գիտականորեն հիմնավորված մասնագիտական դիրքորոշումներ, եզրակացություններ և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծված խորհրդատվական մարմին է, որի կազմը և աշխատակարգը հաստատում է կոմիտեի նախագահը։

(10.1-ին հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն, փոփ. 08.07.05 ՀՕ-167-Ն, լրաց., փոփ. 21.12.15 ՀՕ-185-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-265-Ն, լրաց. 25.03.20 ՀՕ-168-Ն, 16.11.22 ՀՕ-430-Ն, խմբ., լրաց., փոփ. 13.04.23 ՀՕ-139-Ն, փոփ. 16.11.22 ՀՕ-433-Ն)

(13.04.23 ՀՕ-139-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.11.22 ՀՕ-433-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։