Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-08-04-ից մինչև 2025-07-22։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-07-22-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ VII · ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Հոդված 17

գործել է մինչև 2025-07-22ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 17.

Քաղաքաշինական փաստաթղթերը

1. Քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են և բաժանվում են երկու խմբի՝ քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր:

2. Քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, դրանց խմբերի կամ առանձին հատվածների համար:

3. Քաղաքաշինական գործունեությունը տարածական պլանավորման բնագավառում` տնտեսական, սոցիալական, մշակութային և բնապահպանական գործոնների փոխկապակցված տարածական ամրագրումն է և նպատակաուղղված է կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորմանը` քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթերում տարաբնակեցման համակարգերի, տարածքների համաչափ զարգացման և նպատակային օգտագործման հիմնական ուղղություններն ու պայմանները սահմանելու միջոցով:

4. Քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման, այսուհետ` տարածական պլանավորման) փաստաթղթեր են՝

ա) Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծերը (ազգային մակարդակ).

բ) Հայաստանի Հանրապետության մարզերի (տարածքային/ռեգիոնալ մակարդակ), ինչպես նաև մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող (միկրոռեգիոնալ մակարդակ) տարածքային հատակագծման նախագծերը.

գ) Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերը (տեղական մակարդակ` տարածական պլանավորման ռազմավարական փաստաթուղթ).

դ) քաղաքաշինական գոտիավորման նախագծերը (տեղական մակարդակ` տարածական պլանավորման մանրամասն պայմանները սահմանող գործադրական (օպերատիվ) բնույթի փաստաթուղթ).

ե) բնակավայրերի պատմամշակութային հիմնավորումների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների, բնության հատուկ պահպանվող տարածքների նախագծերը.

զ) լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն, գործառական այլ համակարգերի տարածքային կազմակերպման, ինչպես նաև արտադրական կարողությունների, ինժեներական, տրանսպորտային, կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքների տեղաբաշխման նախագծերը` հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար:

5. Սույն հոդվածի չորրորդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված փաստաթղթերի մշակումը պարտադիր է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության և մարզերի համար, «գ» կետով սահմանված փաստաթղթերինը` համայնքների համար, իսկ «դ» կետով սահմանված փաստաթղթերինը` համայնքների սահմաններում ընդգրկված կառուցապատված կամ կառուցապատման ենթակա տարածքների համար:

6. Սույն հոդվածի չորրորդ մասի «ե» կետով սահմանված փաստաթղթերը մշակվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

7. Սույն հոդվածի չորրորդ մասի «զ» կետով սահմանված փաստաթղթերը մշակվում են ըստ անհրաժեշտության և հաստատվում են պատվիրատուի կողմից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի)` Կառավարության սահմանած կարգով:

8. Սույն հոդվածի չորրորդ մասով ներառված փաստաթղթերը կազմելիս պարտադիր կարգով հաշվի են առնվում սահմանված կարգով հաստատված տարածական պլանավորման այլ փաստաթղթերի դրույթները` կազմվող փաստաթղթին առնչվող մասով:

9. Հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի դրույթները հաշվի են առնվում ճյուղային, պետական նպատակային և համայնքային սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում՝ տվյալ ծրագրին առնչվող մասով:

10. Սույն հոդվածի չորրորդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված պարտադիր մշակման ենթակա տարածական պլանավորման փաստաթղթերը մշակվում են պետական բյուջեի միջոցների հաշվին և հաստատվում են սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

11. Սույն հոդվածի չորրորդ մասի «գ» և «դ» կետերով սահմանված պարտադիր մշակման ենթակա տարածական պլանավորման փաստաթղթերը մշակվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին և հաստատվում են համայնքի ավագանու կողմից` սույն օրենքի 14.3 հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:

12. (մասն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-226-Ն)

13. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օգտագործման պայմանները չեն կարող հակասել հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին:

14. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են՝

ա) կառուցապատման նախագծերը, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով գործառական տարածքների հատակագծման և բարեկարգման նախագծերը.

բ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների կառուցման, դրանց վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերը, ինչպես նաև ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծերը.

գ) սահմանված կարգով հաստատված, փորձագիտական դրական եզրակացություն ստացած բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը: Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի (0 նիշից ցածր ստորգետնյա հատվածի) տեղակապման նախագծային փաստաթղթերը ենթակա են հաստատման օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն), որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ։

16. (մասն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-226-Ն)

17. Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից նախագծային փաստաթղթեր կազմող լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտին տրվող նախագծային առաջադրանքը չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին:

18. Ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորած անձը` սույն օրենքի 23 հոդվածի չորրորդ մասով սահմանված պահանջներին համապատասխան:

19. Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը հիմք են հանդիսանում քաղաքաշինական գործունեության վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար։

20. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման կարգերը սահմանում է Կառավարությունը։

(17-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն, 08.07.05 ՀՕ-167-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-7-Ն, լրաց., խմբ., փոփ. 23.06.11 ՀՕ-226-Ն, փոփ., լրաց. 21.12.15 ՀՕ-185-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-265-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-51-Ն, փոփ. 13.04.23 ՀՕ-139-Ն, 16.11.22 ՀՕ-433-Ն)

(13.04.23 ՀՕ-139-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.11.22 ՀՕ-433-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։