Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները
Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
տեխնիկական անվտանգություն` արտադրական և սպասարկման ոլորտի օբյեկտներում տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից և դրանց հետևանքներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը.
տեխնածին վթար` արտադրության մեջ կիրառվող տեխնոլոգիական սարքավորումների, շենքերի, շինությունների ավերածություններ, չվերահսկվող պայթյուն և հրդեհ, վտանգավոր, վնասակար նյութերի արտանետումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվել մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին, վնասվել կամ ոչնչացվել են նյութական միջոցներ.
տեխնիկական միջոցներ` տեխնոլոգիական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ մեքենաներ, գործիքներ, պաշտպանական միջոցներ, չափիչ ստուգիչ սարքեր, ավտոմատացման միջոցներ, տեխնիկական սարքավորումներ, ջրային լողամիջոցներ.
արտադրական պատահար` արտադրական վտանգավոր օբյեկտներում օգտագործվող տեխնիկական միջոցների խափանում կամ վնասում, տեխնոլոգիական պրոցեսի ռեժիմից շեղում, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների խախտումներ, որոնք կարող են ստեղծել տեխնածին վթարի սպառնալիք.
վթարի ռիսկի գնահատում` գործընթաց, որի նպատակն է բացահայտել, վերլուծել և գնահատել արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի առաջացման հավանականության պայմանները, դրանց ընթացքի վրա ազդող գործոնների նկարագրությունը, վթարի մասշտաբները, մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ծանրության աստիճանը.
միջավայրի պաշտպանվածություն` վթարների հետևանքներից մարդկանց կյանքի և առողջության, բնական միջավայրի պաշտպանություն, ինչպես նաև պետության, այլ սեփականատերերի և քաղաքացիների գույքի պահպանության նպատակով իրավական, կազմակերպական և ինժեներատեխնիկական միջոցառումների իրականացում.
տեխնիկական անվտանգության վկայագիր՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից հաստատված փաստաթուղթ, որի մեջ արտացոլվում և ամփոփվում են տվյալներ արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարների հավանականության, դրանց բնույթի ու մասշտաբների, աշխատողների, շրջակա բնակչության և միջավայրի վրա վտանգավոր գործոնների հնարավոր ազդեցության, դրանց կանխարգելման և վերացման համար նախատեսված միջոցառումների, ինչպես նաև միջավայրի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտը գոտիավորող տարածքների մասին.
տեխնիկական անվտանգության փորձաքննություն` գործունեություն, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին.
փորձագիտական եզրակացություն` տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում կազմվող փաստաթուղթ, որի մեջ ամփոփվում են տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման վիճակը բնութագրող վերլուծություններ, հետևություններ և եզրահանգումներ.
տեխնիկական քննություն` գործառույթ, որի ընթացքում ուսումնասիրվում և փաստաթղթով ձևակերպվում են հիմնավորումներ և եզրահանգումներ տեղի ունեցած վթարների և (կամ) արտադրական դժբախտ դեպքերի տեխնածին բնույթ կրող պատճառների և հանգամանքների վերաբերյալ.
լիազոր մարմին` սույն օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտի պետական կառավարման մարմին.
տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն` սույն օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած պետական ոչ առևտրային կազմակերպություն.
արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ` Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող, շահագործման նպատակով նախապատրաստող ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, այդ թվում` օտարերկրյա, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ` անկախ տվյալ օբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից.
շահագործման նպատակով նախապատրաստվող արտադրական վտանգավոր օբյեկտ` սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացություն ստացած օբյեկտ:
(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.12.10 ՀՕ-32-Ն)