Հոդված 50.1. Ընկերությունների միաձուլումը
Հոդված 50.1. Ընկերությունների միաձուլումը
1. Ընկերությունների միաձուլում է համարվում նոր ընկերության ստեղծումը` նրան երկու կամ ավելի միաձուլվող ընկերությունների իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող ընկերությունների դադարմամբ:
2. Միաձուլվող ընկերությունները կնքում են միաձուլման մասին պայմանագիր: Միաձուլման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր միաձուլվող ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաև միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգն ու պայմանները, ինչպես նաև միաձուլվող յուրաքանչյուր ընկերության մասնակիցների բաժնեմասերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնեմասերի և (կամ) այլ արժեթղթերի:
3. Միաձուլմանը մասնակցող ընկերությունների մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովը համարվում է միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողով, որը հրավիրվում է միաձուլման պայմանագրում նշված մարմնի կողմից և ժամկետներում: Միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը հաստատվում է նոր ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովում, որը որոշումներ է ընդունում նաև ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:
4. Ընկերությունների միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան:
5. Միաձուլմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:
(50.1-ին հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-46-Ն)