Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 35. Իրավաբանական անձանց պետական գրանցումը

գործել է մինչև 2019-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 35. Իրավաբանական անձանց պետական գրանցումը

1. Սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհրաժեշտ տեղեկատվությունը և համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:

2. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը:

3. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ:

4. Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա իրավաբանական անձի գրանցումն իրականացվում է անմիջապես:

5. Գործակալությունում ստուգվում են իրավաբանական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին, բացառությամբ առևտրային կազմակերպության կանոնադրության դրույթների: Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության ամբողջականությունն ու սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդության մասին դրույթների առկայությունը:

6. Իրավաբանական անձի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով պետական միասնական գրանցամատյանում գրառվում են սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը:

7. Իրավաբանական անձը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Իրավաբանական անձը համարվում է գրանցված միասնական պետական գրանցամատյանում սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:

8. Իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Սույն մասով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող, միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:

9. Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով համապատասխան վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը), այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

10. Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրությունում գրառվում են իրավաբանական անձի գրանցման համարը և գրանցման տարին, ամիսը, օրը, որը հավաստվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ կամ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

11. Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման արդյունքում իրավաբանական անձի նախնական գրանցման համար սույն օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում, եթե առկա չեն 36-րդ հոդվածով նախատեսված մերժման հիմքերը, ապա պետական գրանցումն իրականացնող մարմինը եռօրյա, իսկ ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում՝ տասնհինգօրյա ժամկետում իրականացնում է իրավաբանական անձի նախնական գրանցում, տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը, ինչպես նաև տրամադրում է նախնական գրանցման վերաբերյալ քաղվածք: Ռեդոմիցիլացման նախնական գրանցման հետ միաժամանակ կամ դրանից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի դիմումի հիման վրա նրան տրամադրվում է շարունակականության նախնական փաստաթուղթ։ Օտարերկրյա պետությունում օտարերկրյա իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացված լինելու վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթուղթը ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իրականացվում է օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման պետական գրանցում՝ որպես ռեդոմիցիլացման պահ նշելով՝

1) իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման պահը կամ

2) իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման պահը, եթե իրավաբանական անձի լիազոր մարմնի կողմից ներկայացված է ստորագրված հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում նախնական գրանցումից սկսած մինչև Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման պահը գործարքներ չկնքելու վերաբերյալ։

12. Իրավաբանական անձանց գործակալությունը տրամադրում է նաև հարկային մարմնի սահմանած ձևով ծանուցում (այդ թվում` սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով)` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգերի ու դրանց ընտրության նպատակով հայտարարություններ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ: Իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու, շրջանառության հարկ վճարող, ինչպես նաև ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները կարող են ներկայացնել գործակալության միջոցով:

(35-րդ հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-207-Ն, 21.12.17 ՀՕ-280-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։