Հոդված 39. Փոփոխությունների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 39. Փոփոխությունների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
1. Փոփոխությունների պետական գրանցման համար դիմողը գործակալություն է ներկայացնում`
1) դիմում.
2) կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին իրավասու մարմնի որոշումը.
3) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
2. Սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված դեպքերում ներկայացվում են նաև նշված հոդվածով նախատեսված փաստաթղթերը:
3. Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման (նշանակման, ընտրելու) դեպքում ներկայացվում են նաև`
1) իրավաբանական անձի լիազորված մարմնի որոշումը (որոշումները) պետական գրանցում ստացած գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին.
2) գործադիր մարմնի նոր ղեկավարի մասին տեղեկություններ՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն:
3.1. Իրավաբանական անձի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների գրառման դեպքում ներկայացվում են՝
1) իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր (հայտարարագրեր).
2) իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի առկայության դեպքում իրավասու մարմնի կողմից տրված (այդ թվում՝ օտարերկրյա) սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր՝ հայերենով կամ վավերացված և հայերեն թարգմանված.
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
4. Տնտեսական ընկերությունները սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված տվյալների (կանոնադրական կապիտալի չափի նվազեցմամբ պայմանավորված) փոփոխությունը գրանցելու համար, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ ընկերությունը կանոնադրական կապիտալի նվազեցման և նրա նոր չափի մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է ընկերության` իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ ընկերության պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:
5. Օրենքով սահմանված դեպքերում Կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ Կազմակերպության գտնվելու վայրի նոր հասցեի գրանցման մասին: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են դրանց առկայության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:
(39-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-30-Ն, 23.04.19 ՀՕ-25-Ն)