Հոդված 39. Փոփոխությունների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 39. Փոփոխությունների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
1. Փոփոխությունների պետական գրանցման համար դիմողը գործակալություն է ներկայացնում`
1) դիմում.
2) կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին իրավասու մարմնի որոշումը.
3) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
2. (մասն ուժը կորցրել է 17.01.23 ՀՕ-9-Ն)
3. Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման (նշանակման, ընտրելու, օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձ նշանակվելու) դեպքում ներկայացվում են նաև`
1) իրավաբանական անձի լիազորված մարմնի որոշումը (որոշումները) պետական գրանցում ստացած գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության մասին տեղեկությունները.
2) գործադիր մարմնի նոր ղեկավարի կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի մասին տեղեկություններ՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն:
3.1. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)
3․2. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմակերպության ժամանակավոր կառավարիչ նշանակվելու դեպքում ներկայացվում են նաև՝
1) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումը իրավաբանական անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին․
2) ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ․ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն, օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեպքում՝ նաև անձնագրի կամ օտարերկրյա պետության իրավաբանական անձի գրանցում իրականացնող մարմնի տված՝ իրավաբանական անձի գրանցումն ու գոյությունը հաստատող փաստաթուղթը՝ օրենքով սահմանված կարգով վավերացված և հայերեն թարգմանված:
3․3. Սույն հոդվածի 3․2-րդ մասով սահմանված դեպքում ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցման մասին գրառումը կատարվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի դիմումի հիման վրա։ Սույն մասով կատարվող փոփոխության պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում։
4. Տնտեսական ընկերությունները սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված տվյալների (կանոնադրական կապիտալի չափի նվազեցմամբ պայմանավորված) փոփոխությունը գրանցելու համար, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ ընկերությունը կանոնադրական կապիտալի նվազեցման և նրա նոր չափի մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է ընկերության` իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ ընկերության պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:
5. Իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի նոր հասցեի գրանցման մասին: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:
6․ Իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի նոր հասցեի գրանցման մասին:
Պետական միասնական գրանցամատյանում իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի հասցեի մասին տեղեկությունների բացակայության դեպքում իրավաբանական անձը պարտավոր է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գործակալություն ներկայացնել նշված տեղեկատվությունը։
Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում։
6. Կուսակցության տարածքային ստորաբաժանման հաշվառման կամ հաշվառումից հանելու դեպքում ներկայացվում է համապատասխան դիմում և կուսակցության իրավասու մարմնի որոշումը տարածքային ստորաբաժանում ստեղծելու կամ դրա գործունեությունը դադարեցնելու մասին։ Կուսակցության տարածքային ստորաբաժանման պետական հաշվառման, փոփոխությունների պետական հաշվառման, պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:
(39-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-30-Ն, 23.04.19 ՀՕ-25-Ն, խմբ., լրաց. 19.01.21 ՀՕ-40-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-246-Ն, լրաց. 26.05.21 ՀՕ-239-Ն, 29.12.20 ՀՕ-7-Ն, փոփ. 17.01.23 ՀՕ-9-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-198-Ն)
(03.06.21 ՀՕ-246-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)