Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-18-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 1. Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 1. Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը:

Ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները փոխադարձ սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից։ 2. Ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը:

3. Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:

4. Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու և կնոջ ամուսնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուսինների իրավունքների հավասարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, նրանց բարեկեցության մասին հոգատարության, ընտանիքի անչափահաս և անաշխատունակ անդամների իրավունքների և շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու սկզբունքներին համապատասխան:

5. Ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում արգելվում է ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականությունը:

6. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենսգրքով սահմանված դեպքերում առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

7. Երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից: Երեխայի լավագույն շահերի ապահովումն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ երեխայի իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև երեխայի զարգացմանը՝ հաշվի առնելով երեխայի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի և դաստիարակության հնարավորությունը, ընտանիք վերադառնալու կամ ընտանիքի հետ ապրելու կարևորությունը, երեխայի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ազգային պատկանելության հարցը, երեխայի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը կամ դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում և այլ կարիքները, պահանջները և շահերը (այսուհետ` Երեխայի լավագույն շահեր):

8. Եթե որևէ նորմ կարող է տարաբնույթ կիրառվել, ապա այն կիրառելիս առաջնահերթ հաշվի են առնվում Երեխայի լավագույն շահերը:

(1-ին հոդվածը խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-10-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։