Հոդված 1. Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները
Հոդված 1. Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները
1. Ընտանիքը, մայրությունը, հայրությունը և մանկությունը Հայաստանի Հանրապետությունում հասարակության ու պետության հովանավորության և պաշտպանության ներքո են:
Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը:
Ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները փոխադարձ սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից։ 2. Ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը:
3. Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:
4. Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու և կնոջ ամուսնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուսինների իրավունքների հավասարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, նրանց բարեկեցության մասին հոգատարության, ընտանիքի անչափահաս և անաշխատունակ անդամների իրավունքների և շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու սկզբունքներին համապատասխան
5. Արգելվում է ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հատկանիշներով քաղաքացիների իրավունքների որևէ սահմանափակում:
Քաղաքացիների իրավունքներն ամուսնանալիս և ընտանիքում կարող են սահմանափակվել միայն օրենքով և միայն այնքանով, որքանով այդ սահմանափակումը անհրաժեշտ է անձանց պատվի ու բարի համբավի, ընտանիքի այլ անդամների և այլոց առողջության, ազատության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար։