Հոդված 139.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 139.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողությունը
1. Խնամատար ծնողի ստանձնած պարտականությունների և հոգեզավակի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետարանների, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է խնամատար ընտանիքում տեղավորված երեխայի կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայմանների վերահսկողություն։
2. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Խնամատարության պայմանագրի ողջ ժամանակահատվածում:
3. Վերահսկողության ժամանակահատվածում խնամատար ծնողը վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցչին սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրամադրում է հոգեզավակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը ձեռք բերելուն խոչընդոտելու դեպքում վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի ներկայացուցիչը պարտավոր է այդ տեղեկությունն ստանալ անձամբ երեխայից:
5. Վերահսկողությունն իրականացվում է՝
1) երեխայի, խնամատար ծնողի հետ պարբերաբար հանդիպումների և հարցազրույցների միջոցով.
2) խնամատար ընտանիք պարբերաբար այցելությունների, մշտադիտարկման (մոնիտորինգ), տեղում ուսումնասիրություն իրականացնելու միջոցով:
6. Վերահսկողության ընթացքում կիրառվում են սույն օրենսգրքի 128.1-ին հոդվածի 6-10-րդ մասերով սահմանված դրույթները:
7. Խնամատար ընտանիքի բնակության վայրի հնարավոր փոփոխության դեպքում խնամատար ծնողը պարտավոր է տեղափոխումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ այդ մասին տեղեկացնել իրավասու մարմնին, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղափոխումից հետո` եռօրյա ժամկետում` տեղեկացնելով նաև Խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին։
8. Վերահսկողության կարգը, խնամատար ընտանիքի հետ հանդիպումների և այցելությունների պարբերականությունը, ուսումնասիրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: