Հոդված 139.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 139.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողությունը
1. Խնամատար ծնողի ստանձնած պարտականությունների և հոգեզավակի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է խնամատար ընտանիքում տեղավորված երեխայի կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայմանների վերահսկողություն։
2. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Խնամատարության պայմանագրի ողջ ժամանակահատվածում:
2.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությանն աջակցում է համայնքի սոցիալական աշխատողը, որն իր գործունեության իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած՝ խնամատար ընտանիքի կամ հոգեզավակի, նրանց կենսապայմանների, փոխհարաբերությունների և երեխայի իրավունքների իրացման արդյունավետության վրա ազդող այլ պայմանների ու պատճառների մասին տեղեկատվությունն անհապաղ հայտնում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին:
3. Վերահսկողության ժամանակահատվածում խնամատար ծնողը վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցչին սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրամադրում է հոգեզավակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը ձեռք բերելուն խոչընդոտելու դեպքում վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի ներկայացուցիչը պարտավոր է այդ տեղեկությունն ստանալ անձամբ երեխայից:
5. Վերահսկողությունն իրականացվում է՝
1) երեխայի, խնամատար ծնողի հետ պարբերաբար հանդիպումների և հարցազրույցների միջոցով.
2) խնամատար ընտանիք պարբերաբար այցելությունների, մշտադիտարկման (մոնիտորինգ), տեղում ուսումնասիրություն իրականացնելու միջոցով:
6. Վերահսկողության ընթացքում կիրառվում են սույն օրենսգրքի 128.1-ին հոդվածի 6-10-րդ մասերով սահմանված դրույթները:
7. Խնամատար ընտանիքի բնակության վայրի հնարավոր փոփոխության դեպքում խնամատար ծնողը պարտավոր է տեղափոխումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղափոխումից հետո՝ եռօրյա ժամկետում, տեղեկացնել Խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին, որոնք պարտավոր են եռօրյա ժամկետում այդ փոփոխության մասին տեղեկացնել խնամատար ընտանիքի նոր բնակության վայրի մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին:
8. Խնամատար ընտանիքներում վերահսկողության կարգը, խնամատար ընտանիքի հետ հանդիպումների և այցելությունների պարբերականությունը, ուսումնասիրության կարգը, վերահսկողության զեկույցների միասնական ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(139.1-ին հոդվածը փոփ., լրաց., խմբ. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)