Հոդված 136. Խնամակալությունը (հոգաբարձությունը) դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ
Հոդված 136. Խնամակալությունը (հոգաբարձությունը) դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ
(վերնագիրը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն)
1. Դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխաների նկատմամբ խնամակալ (հոգաբարձու) չի նշանակվում։ Նրանց պարտականությունների կատարումը դրվում է այդ կազմակերպությունների վրա։
Խնամակալների (հոգաբարձուների) կողմից երեխաներին սույն հոդվածում նշված կազմակերպություններում ժամանակավորապես տեղավորելը չի դադարեցնում այդ երեխաների նկատմամբ խնամակալի (հոգաբարձուի) իրավունքներն ու պարտականությունները։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խնամակալը (հոգաբարձուն) իրավունք չունի խոչընդոտելու ծնողների և մերձավոր այլ ազգականների հետ երեխայի շփվելուն, բացառությամբ, երբ նման շփումը չի համապատասխանում երեխայի շահերին։
3. Խնամակալի (հոգաբարձուի) քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքով:
4. Խնամակալն ու հոգաբարձուն խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխայի նկատմամբ խնամակալության և հոգաբարձության պարտականությունները կատարում են անհատույց։
(136-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն)