Հոդված 19. Միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը
Հոդված 19. Միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը
1. Միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է առաջին ատյանի դատարանը, որի իրավասության տարածքում գտնվում կամ գործել է միջնորդ դատարանը:
2. Կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը, պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ ստացականի հանձնմամբ (այսուհետ` պատշաճ ձևով), տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանն իրավունք ունի մերժել կատարողական թերթ տալը «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով:
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության միջնորդ դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության միջնորդ դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունում ճանաչման ենթակա միջազգային արբիտրաժի կամ միջազգային միջնորդ այլ դատարանի վճռի և որոշման կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է այդ վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ:
(19-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, փոփ. 25.10.04 ՀՕ-118-Ն)