Հոդված 10. Պահանջի քննությունը մերժելու հիմքերը
Հոդված 10. Պահանջի քննությունը մերժելու հիմքերը
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը մերժում է պահանջի քննությունը, եթե`
1) պահանջը սույն օրենքին համապատասխան ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.
2) հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ.
3) դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվում է հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ.
4) պահանջն արդեն քննվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, և դրա վերաբերյալ առկա է նրա որոշումը.
5) հաճախորդը սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով բողոք-պահանջ չի ներկայացրել Կազմակերպությանը.
6) պահանջը չի ներկայացվել սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված ժամկետներում.
7) Կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցվել է.
8) պահանջը ստորագրվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի կողմից.
9) պահանջն ակնհայտորեն զրպարտիչ է, կամ պահանջ ներկայացնող հաճախորդի վարքագիծն անբարեխիղճ է.
10) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չէ.
11) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը չի պահպանել սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 7.1-ին կետով սահմանված պահանջը։
2. Այն դեպքում, երբ պահանջը, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, ենթակա չէ քննության, Ֆինանսական համակարգի հաշտարարը յոթ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է պահանջի քննումը և այդ մասին գրավոր տեղեկացնում է հաճախորդին՝ նշելով մերժման հիմքերը:
(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն)
(03.06.20 ՀՕ-292-Ն օրենքն ունի անցումային դրույթ)