Հոդված 6. Բողոք-պահանջը Կազմակերպություն ներկայացնելը
Հոդված 6. Բողոք-պահանջը Կազմակերպություն ներկայացնելը
1. Մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է Կազմակերպությանը ներկայացնի բողոք-պահանջ:
2. Կազմակերպությունը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված բողոք-պահանջը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին գրավոր տրամադրել վերջնական պատասխան:
Կազմակերպության վերջնական պատասխանը պետք է արտահայտի Կազմակերպության հստակ դիրքորոշումը սպառողի պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ: Սույն մասով սահմանված ժամկետը չի տարածվում վարկային բյուրոյի դեմ ներկայացված բողոք-պահանջների վրա: Վարկային բյուրոյին ներկայացված բողոք-պահանջը վարկային բյուրոն քննում և հաճախորդին գրավոր վերջնական պատասխան է տրամադրում վարկային բյուրոյի բողոք-պահանջը ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Կազմակերպության վերջնական պատասխանը ստանալու պահից կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում հաճախորդն իրավունք է ձեռք բերում պահանջ ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին:
4. Կազմակերպությունը պարտավոր է քննարկել հաճախորդի բողոք-պահանջը, եթե այն ներկայացվել է մեկ տարվա ընթացքում` սկսած այն պահից, երբ հաճախորդն իմացել է կամ կարող էր իմանալ իր իրավունքի խախտման մասին:
5. Սույն հոդվածի իմաստով հաճախորդը համարվում է Կազմակերպությանը բողոք-պահանջ ներկայացրած նաև այն դեպքում, երբ հաճախորդի համաձայնությամբ հաճախորդի բողոք-պահանջը ներկայացրել է Գրասենյակը: Կազմակերպությանը Գրասենյակի միջոցով հաճախորդի բողոք-պահանջների ներկայացման կարգը սահմանում է Խորհուրդը: Այդ կարգը հրապարակվում է Գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայքում:
(6-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-13-Ն, 03.06.20 ՀՕ-292-Ն)
(03.06.20 ՀՕ-292-Ն օրենքն ունի անցումային դրույթ)