Հոդված 22. Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը
Հոդված 22. Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը
(վերնագիրը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն)
1. Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման և հաստատման կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:
2. Եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա բյուջեի մասին օրենքի նախագիծը քվեարկության է դրվում դրանց ընդունումից հետո:
Սույն մասով սահմանված պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրենքների ընդունման վրա:
3. Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:
Այդ դեպքում, մինչև այդ տարում բյուջետային միջոցների օգտագործումը կարգավորող օրենքի ընդունումը, կառավարությունն իրավասու է տվյալ տարում բյուջետային միջոցները ծախսելու` օրենսդրությամբ սահմանված նպատակներով կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացումները տեղական ինքնակառավարման մարմիններին (նախորդ տարվա համար օրենքով սահմանված բաշխմամբ), շարունակել առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարների, կենսաթոշակների և նպաստների վճարումները, ինչպես նաև ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը: Ընդ որում, նշված ծախսերը կարող են կատարվել, եթե դրանց ֆինանսավորման համար նախորդ տարվա պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված են եղել հատկացումներ: Այդ դեպքում կատարվող ծախսերի չափը (բացառությամբ կենսաթոշակների և նպաստների վճարման ծախսերի) չի կարող գերազանցել նախորդ տարվա հատկացումների մեկ քառորդը` եռամսյակի, կամ մեկ տասներկուերորդը` ամսվա կտրվածքով: Կառավարությունն իրավասու է չֆինանսավորել այն ծախսերը, որոնք չեն նախատեսվել տվյալ տարվա բյուջեի մասին իր կազմած օրենքի նախագծում:
4. Եթե մինչև բյուջետային տարվա սկիզբն այդ տարվա պետական բյուջեն չի հաստատվում, ապա մինչև դրա հաստատումը բյուջեից շարունակվում է oրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների և նպաստների ֆինանսավորումը` ամբողջ ծավալով:
(22-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, 24.10.07 ՀՕ-224-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն, լրաց. 29.09.14 ՀՕ-153-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-271-Ն, 21.01.20 ՀՕ-40-Ն, լրաց. 17.12.25 ՀՕ-470-Ն)