Հոդված 25. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Հոդված 25. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը: Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության հետ Ազգային ժողով է ներկայացնում նաև դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից կառավարություն ներկայացված Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը:
2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է`
ա) տեղեկություններ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականության և համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ազդել են պետական բյուջեի կատարման արդյունքների վրա.
բ) պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (հավելուրդի) հիմնավորվածությունը, դրանց համեմատական վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի, ինչպես նաև հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ.
գ) տեղեկություններ հաշվետու տարում կառավարության պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով.
դ) տեղեկություններ հաշվետու տարում պետության արտաքին և ներքին պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ.
ե) այլ տեղեկություններ, որոնք կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:
3. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով` առանձին փակ ծրարով:
4. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի եզրակացությունը բովանդակում է`
ա) պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությամբ արտացոլված թվերի արժանահավատության գնահատականը.
բ) հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարման գնահատականը:
5. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկվում և հաստատվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` մինչև ընթացիկ տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:
(25-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.04.98 ՀՕ-211, փոփ. 25.12.06 ՀՕ-9-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-115-Ն)