Հոդված 18. Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները
Հոդված 18. Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները
1. Պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվում են պետական նշանակության ծրագրերը և ծախսերը` հետևյալ հիմնական ուղղություններով`
ա) ընդհանուր բնույթի պետական ծառայություններ.
բ) պաշտպանություն.
գ) հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.
դ) կրթություն և գիտություն.
ե) առողջապահություն.
զ) սոցիալական ապահովություն.
է) բնակարանային կոմունալ տնտեսություն.
ը) մշակույթ, սպորտ և կրոն.
թ) վառելիքաէներգետիկ համալիր.
ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.
ժա) լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.
ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.
ժգ) կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:
2. Պետական բյուջեի ծախսերում կարող են առանձին տողով նախատեսվել պետական լիազորված մարմնի, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է օրենքով: Ընդ որում, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի գումարների օգտագործման` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածին համապատասխան և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածին համապատասխան ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Պետական բյուջեում նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները նշանակված են բացառապես պետական լիազորված մարմնի աշխատակիցների խրախուսման և դրանով պայմանավորված պարտադիր սոցիալական ապահովության վճարների կատարման համար, ընդ որում` խրախուսման միջոցներն օգտագործվում են պետական լիազորված մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ նորոգումը և պահպանումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում է համապատասխան գումար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի և դիզվառելիքի, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարի ոչ պակաս, քան 10 տոկոսը:
4. Բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը:
(18-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ., լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ., խմբ. 24.10.07 ՀՕ-224-Ն, լրաց. 09.11.06 ՀՕ-174-Ն, 27.11.08 ՀՕ-204-Ն)