Հոդված 15. Բյուջեների կատարումը
Հոդված 15. Բյուջեների կատարումը
1. Բյուջեների կատարումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` համապատասխանաբար պետական և համայնքների բյուջեների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունն է:
2. Բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր մուտքերի մուտքագրումը և ելքերի կատարումը` պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվով:
3. Բյուջեների կատարման կազմակերպումն իրականացնում է պետական լիազորված մարմինը:
4. Բյուջեների կատարման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի հիման վրա: Բյուջեների կատարման կարգով սահմանվում են`
ա) բյուջեների կատարման հիմնական սկզբունքը.
բ) բյուջեների կատարման ապահովման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, փաստաթղթաշրջանառության կարգը, ժամկետները, ծավալները.
գ) բյուջեների կատարման ժամանակ բյուջետային համակարգի սուբյեկտների պարտականությունները և իրավունքները.
դ) հաստատված բյուջեների հիման վրա եռամսյակային համամասնությունների սահմանման կարգը.
ե) բյուջեների կատարման ժամանակ, սույն օրենքին համապատասխան, բյուջետային հատկացումների կրճատման և ինդեքսացիայի կիրառման և դադարեցման դրույթները, դրանց կիրառման կարգը.
զ) սույն օրենքի 23 և 33 հոդվածներով սահմանված թույլատրելի չափաքանակների շրջանակներում, բյուջեների կատարման ընթացքում դրանցում փոփոխություններ կատարելու կարգը.
է) բյուջեների պահուստային ֆոնդից ֆինանսավորման կարգը.
ը) բյուջեների կատարման գործընթացի այլ դրույթներ:
5. Բյուջեների կատարումն ապահովելու նպատակով պետական լիազորված մարմինը, նրա գանձապետարանի ստորաբաժանումներն իրականացնում են`
ա) բյուջեների դրամարկղային սպասարկումը.
բ) բյուջեների կատարման ապահովումը` դրանց բյուջեների փաստացի մուտքերին և ելքերի ուղղություններին համապատասխան.
գ) պետական դրամական միջոցների` ներառյալ պետական և համայնքների բյուջեների միջոցները, համախմբումը միասնական գանձապետական հաշվում.
դ) գանձապետական հաշիվներում արտացոլված բյուջեների և բյուջետային հիմնարկների դրամական միջոցների կառավարման ապահովումը.
ե) պետական պարտքի կառավարման ապահովումը.
զ) բյուջետային հաշվառման և հաշվետվության մեթոդական ղեկավարումը.
է) բյուջեների կատարման ապահովման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:
6. Բյուջեների մուտքերը կուտակվում են պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվում:
7. Պետական և համայնքային հիմնարկների բյուջետային միջոցների մուտքերը և ելքերն արտացոլվում են պետական լիազորված մարմնի` յուրաքանչյուր այդպիսի սուբյեկտի համար բացված գանձապետական հաշիվներում:
8. Բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներից գումարների վճարումը կատարում է պետական լիազորված մարմինը` սպասարկող բանկերի միջոցով: Բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներում բյուջետային միջոցների առկայության դեպքում վճարումները կատարվում են անվերապահորեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Պետական հիմնարկները կարող են գանձապետարանում կամ որևէ բանկում արտաբյուջետային միջոցների հաշիվներ բացել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև համայնքին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից նվիրաբերության կամ վարկի տեսքով տրամադրվող դրամական միջոցներն այդ անձանց պահանջով, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել գանձապետարանի արտաբյուջետային միջոցների հաշիվներում կամ որևէ բանկում:
9.1. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ա» կետում նշված արտաբյուջետային հաշիվներին տվյալ տարվա ընթացքում ստացվող` տվյալ տարվա հաստատված պետական կամ համայնքի բյուջեում չնախատեսված մուտքերի և դրանց հաշվին կատարվելիք ելքերի ծրագրային ցուցանիշները ենթակա են համապատասխանաբար կառավարության կամ համայնքի ավագանու (համայնքի արտաբյուջետային հաշվի մուտքերը նվիրաբերված գումարների հաշվին ձևավորվելու դեպքում` համայնքի ղեկավարի) որոշմամբ ներառման համապատասխանաբար պետական կամ համայնքի բյուջե, իսկ այդ միջոցների շրջանառությունը և բյուջեների կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.2. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «բ» - «ը» կետերում նշված արտաբյուջետային հաշիվների մուտքերը և ելքերը պետական և համայնքների բյուջեներում և դրանց կատարման հաշվետվություններում չեն արտացոլվում:
10. (մասն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-45-Ն)
11. Բյուջեների միջոցների հաշվին ապրանքներ գնելու, աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական գնումների մասին օրենքով սահմանված կարգով:
12. Պետության և համայնքների համար պարտավորություններ (այդ թվում՝ պայմանական պարտավորություններ) առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունները և լրացումները ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում:
12.1. Պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունները և լրացումները ենթակա են նախնական գնահատման պետական լիազորված մարմնի կողմից և կարող են կնքվել պետական լիազորված մարմնի նախնական գնահատման առկայության դեպքում: Սույն մասի պահանջը չի տարածվում գնումները կարգավորող օրենսդրության համաձայն պետական լիազորված մարմնում հաշվառվող, ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով սահմանված կարգով պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագրերի տվյալների բազայում ներառվող պայմանագրերի վրա:
12.2. Պետության և համայնքների համար պարտավորություններ (այդ թվում՝ պայմանական պարտավորություններ) առաջացնող՝ սույն հոդվածի 12-րդ մասում նշված պայմանագրերի (համաձայնագրերի) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունների և լրացումների գրանցման, ինչպես նաև պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերի (համաձայնագրերի) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունների և լրացումների նախնական գնահատման կարգերը սահմանում է կառավարությունը:
13. Կատարման ենթակա ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց կարող է տրվել մինչև մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ դրա վերաբերյալ պահանջատիրոջ կամ հարկադիր կատարողի պահանջը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե պարտավորությունը մինչ այդ հնարավոր չի եղել կատարել դրամական միջոցները վճարելով:
Փոխանցվող մուրհակի օրական տոկոսադրույքի չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսադրույքով, ընդ որում, տոկոսները հաշվարկվում են մուրհակի թողարկման օրվանից մինչև դրա մարման օրն ընկած ժամանակաշրջանի համար: Փոխանցվող մուրհակի տրամադրման կարգը սահմանվում է կառավարության նորմատիվ իրավական ակտով:
14. Հարկաբյուջետային և կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում՝ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) համար պետական լիազորված մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացվում է կայունացման միջոցների ենթահաշիվ (այսուհետ՝ կայունացման հաշիվ)։
15. Կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, պետք է լինի Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տվյալ տարվա համար կանխատեսված համախառն ներքին արդյունքի մեկից մինչև երկու տոկոս միջակայքի սահմաններում:
16. Կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը՝ սույն օրենքի հիման վրա: Կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգով սահմանվում են՝
ա) կայունացման հաշվի նպատակները.
բ) կայունացման հաշվի համալրման և օգտագործման կարգը.
գ) կայունացման հաշվի կառավարման կարգը.
դ) կայունացման հաշվի միջոցների նպատակային միջակայքի ստորին և վերին շեմերից թույլատրելի շեղումները:
(15-րդ հոդվածը լրաց. 12.10.99 ՀՕ-11, լրաց., փոփ., խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ., լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-65-Ն, 24.10.07 ՀՕ-224-Ն, 23.06.11 ՀՕ-238-Ն, փոփ., լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն, փոփ. 14.12.17 ՀՕ-304-Ն, լրաց. 26.10.22 ՀՕ-396-Ն, խմբ. 11.04.24 ՀՕ-201-Ն, խմբ., լրաց. 17.12.25 ՀՕ-488-Ն)
(26.10.22 ՀՕ-396-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-382-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)