Հոդված 10. Կրթական ծրագրերը
Հոդված 10. Կրթական ծրագրերը
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական ծրագրերն են`
1) հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ).
2) մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ).
3) բարձրագույն կրթության կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ):
2. Հանրակրթական ծրագրերը նպատակաուղղված են անհատի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը, նախասիրություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան մասնագիտական ծրագրերի ընտրության և յուրացման համար հիմքերի ստեղծմանը:
Հանրակրթական հիմնական ծրագրերն են`
1) նախադպրոցական.
2) տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).
3) հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).
4) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).
3. Մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը:
Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են`
1) արհեստագործական.
2) միջին մասնագիտական.
3) բարձրագույն:
4) (կետն ուժը կորցրել է 11.09.25 ՀՕ-286-Ն)
4. Ուսումնական հաստատություններում հանրակրթական և մասնագիտական հիմնական ծրագրերի յուրացման ժամկետները որոշվում են սույն օրենքով, կրթական մակարդակները կարգավորող այլ օրենքներով և համապատասխան պետական կրթական չափորոշիչով կամ համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակով:
5. Լրացուցիչ կրթական ծրագրերը նպատակաուղղված են նախընթաց կրթության և ուսուցման արդյունքում կամ դրան զուգահեռ ձեռք բերված գիտելիքները, կարողությունները և (կամ) հմտությունները լրացնելուն, կատարելագործելուն և արդիականացնելուն:
(10-րդ հոդվածը խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն, 21.06.14 ՀՕ-83-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.05.24 ՀՕ-251-Ն, խմբ., փոփ. 11.09.25 ՀՕ-286-Ն)
(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)