Հոդված 16. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման անվավերությունը
Հոդված 16. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման անվավերությունը
1. Եթե ձեռքբերողը սույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջը և գույքային իրավունք ունեցողին չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի հանձնում փոխհատուցման գումարը կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում չի դիմում դատարան սեփականության օտարման հայցով կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի վեցերորդ մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի փոխանցում դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը, ապա համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, և տվյալ սեփականության մասով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր:
2. Ձեռքբերողը պարտավոր է հատուցել սույն հոդվածի առաջին մասի պահանջների խախտման հետևանքով օտարվող սեփականության սեփականատերերին, ինչպես նաև այդ սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատճառված վնասները:
Պետությունը սուբսիդիար պատասխանատվություն է կրում ձեռքբերողի կողմից սույն հոդվածի առաջին մասի պահանջների խախտման հետևանքով պատճառած վնասների համար:
3. Եթե օտարված սեփականությունը ձեռքբերողի կողմից չի օգտագործվում կամ այն անհնար կամ աննպատակահարմար է օգտագործել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանած բացառիկ՝ գերակա հանրային շահերի համար, և եթե կառավարությունն իր որոշմամբ տվյալ սեփականության օգտագործման համար չի սահմանում այլ բացառիկ՝ գերակա հանրային շահ, ապա օտարված սեփականությունը դրա նախկին սեփականատիրոջ պահանջով օտարվում է նրան` սույն օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ-չորրորդ մասերով սահմանված կարգով հաշվարկված գնով:
4. Եթե անհրաժեշտ սեփականությունն օտարելուց հետո ձեռքբերողը երկու տարվա ընթացքում չի սկսում օտարման հիմք հանդիսացող գործունեությունը կամ թույլ է տալիս պետության և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրն անվավեր կամ վաղաժամկետ լուծման հիմք հանդիսացող խախտումներ կամ դատարանի վճռով սահմանված սեփականության օտարումն անվավեր կամ վաղաժամկետ լուծման հիմք հանդիսացող հանգամանքներ, ապա բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումը ձեռքբերողի մասով կառավարության որոշմամբ կամ շահագրգիռ անձի հայցադիմումով դատական կարգով կարող է համարվել անվավեր, և օտարված սեփականությունը մրցութային կարգով ենթակա է օտարման այլ անձանց: Եթե բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումն անվավեր է ճանաչվել կառավարության որոշմամբ, ապա մրցույթն իրականացվում է կառավարության սահմանած կարգով, իսկ եթե բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումն անվավեր է ճանաչվել դատական կարգով, ապա մրցույթն իրականացվում է դատարանի սահմանած կարգով: