Հոդված 6. Հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության ձեռքբերողը
Հոդված 6. Հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության ձեռքբերողը
1. Հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը կարող է օտարվել հօգուտ պետության, համայնքի կամ կազմակերպության (այսուհետ՝ ձեռքբերող):
2. Եթե ձեռքբերողը պետությունն է, ապա հօգուտ պետության սեփականությունն օտարելու կամ օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության դիմում կառավարությանը կարող են ներկայացնել պետական կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները և համայնքները:
3. Եթե ձեռքբերողը պետությունը չէ, ապա սեփականությունն օտարելու կամ օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության դիմում կառավարությանը ձեռքբերողը կարող է ներկայացնել համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի միջոցով:
4. Հասարակության և պետության կարիքների համար սեփականությունն օտարելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն սույն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված տվյալները, ինչպես նաև՝
ա) սեփականության օտարման բացառիկ` գերակա հանրային շահի հիմնավորումը.
բ) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման, սեփականության օտարման ընթացակարգի ապահովման համար և սեփականության օտարման հետևանքով առաջացող այլ ծախսերի, ինչպես նաև սեփականության օտարումից հետո դրա բացառիկ` գերակա հանրային շահերի համար նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրների կամ երաշխիքների վերաբերյալ տեղեկություններ.
գ) ձեռքբերողի հայեցողությամբ այլ անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր:
5. Հասարակության և պետության կարիքների համար սեփականությունն օտարելու գործընթացի ընթացքում առաջացած ծախսերը կատարվում են ձեռքբերողի հաշվին: