Հոդված 13. Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարումը դատական կարգով
Հոդված 13. Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարումը դատական կարգով
1. Եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո` յոթ օրվա ընթացքում, չի կնքվում օտարման պայմանագիրը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն սեփականությունը չի օտարվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:
2. Եթե դատարանը փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշելուց հետո պարզում է, որ եթե՝
ա) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած փոխհատուցման ենթակա գումարը համարժեք կամ ավելի է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարից, ապա սեփականությունը դատական կարգով օտարվում է դեպոզիտ հանձնած գումարի չափով փոխհատուցմամբ.
բ) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած գումարը պակաս է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցման ենթակա գումարից, ապա փոխհատուցման գումարը հաշվարկվում է դատարանի կողմից՝ այդ օրվա դրությամբ: Դատարանի վճռում պետք է նշվի դեպոզիտ հաշվին վճարման ենթակա փոխհատուցման լրացուցիչ գումարը.
գ) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած համարժեք փոխհատուցման ենթակա գումարն ավելի է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցման ենթակա գումարից, ապա սեփականությունը դատական կարգով օտարվում է դատարանի կողմից որոշված փոխհատուցման ենթակա գումարով: Ընդ որում, դեպոզիտ հանձնած ավել գումարը վերադարձվում է ձեռքբերողին:
3. Դատարանի կողմից օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է հանդիսանում սեփականությունն օտարելու դատարանի կողմից սահմանված փոխհատուցման չափով և սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված պայմաններով:
Եթե օտարվող սեփականության դիմաց դատարանի սահմանած փոխհատուցման գումարը պետք է տրվի մեկից ավելի սեփականատերերի կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների ևս, ապա դատարանի վճռում նշվում են փոխհատուցման իրավունք ունեցող բոլոր անձինք:
4. Դատական կարգով օտարվող սեփականության նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը դադարում է, և ձեռքբերողի սեփականության իրավունքն այդ սեփականության նկատմամբ ծագում է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց և դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին կա, դեպոզիտ հաշվին հանձնելու պահից, իսկ դատարանի վճռից ծագող պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ իրավունքները ծագում են միայն դրանց պետական գրանցման պահից:
5. Եթե օտարվող սեփականության դիմաց դատարանի սահմանած փոխհատուցման գումարը պետք է տրվի մեկից ավելի սեփականատերերի կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների ևս, ապա դեպոզիտ հաշվից փոխհատուցման գումարը տրվում է միայն փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց կողմից կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնագրին համապատասխան:
Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց միջև վեճերը լուծվում են դատական կարգով:
6. Դատական կարգով սեփականությունն օտարված է համարվում հետևյալ պայմաններով՝
ա) ձեռքբերողը պարտավոր է դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին կա, դեպոզիտ հանձնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում.
բ) սեփականատերը պարտավոր է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց և ձեռքբերողի կողմից փոխհատուցման լրացուցիչ գումարը (եթե այդպիսին նախատեսված է դատարանի կողմից) դեպոզիտ հաշվին հանձնելուց հետո` հինգ օրվա, իսկ անշարժ գույքը՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասում նշված ժամկետի ընթացքում օտարված սեփականությունը հանձնել ձեռքբերողին:
7. Սույն հոդվածի վեցերորդ մասի «բ» կետով նախատեսված ժամկետում նախկին սեփականատիրոջ կողմից օտարված սեփականությունը ձեռքբերողին չհանձնվելու դեպքում նախկին սեփականատիրոջ վտարումն անշարժ գույքի տարածքից իրականացվում կամ օտարված գույքը նախկին սեփականատիրոջից վերցվում և նոր սեփականատիրոջն է հանձնվում օրենքով սահմանված կարգով: