Հոդված 81. Ֆինանսական օգնությունը ջրային հարաբերություններում
Հոդված 81. Ֆինանսական օգնությունը ջրային հարաբերություններում
Ջրային հարաբերություններում կարող է տրամադրվել ֆինանսական օգնություն՝ սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունների տրամադրման տեսքով՝ կախված ջրի ազգային ծրագրում ամրագրված ֆինանսական օգնության տրամադրման կոնկրետ ձևից:
Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում ջրամատակարարներին և ջրօգտագործողներին պետական բյուջեից տրվող սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունների չափերը:
Պետական բյուջեից տրվող սուբսիդիաները կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունները պետք է սահմանվեն այնպես, որպեսզի նպաստեն ջրային համակարգերի պահպանման և տեխնիկական սպասարկման ծախսերի հատուցմանը:
Սույն օրենսգրքով սահմանված սուբսիդիաները կարող են ջրամատակարարներին կամ ջրօգտագործողներին տրամադրվել ուղղակի վճարումների տեսքով:
Ֆինանսական օգնության տրամադրման ժամանակ հաշվի են առնվում՝
1) ֆինանսական օգնության տրամադրման նպատակը.
2) հավասարության ապահովումը և խտրականության բացառումը.
3) թափանցիկության ապահովումը.
4) օգնություն ստացողի ֆինանսական վիճակը.
5) ջրային համակարգերի պահպանության անհրաժեշտությունը:
Սույն օրենսգրքի պահանջները խախտող անձը սույն օրենսգրքով նախատեսված ֆինանսական օգնություն ստանալու իրավունք չունի:
Կառավարությունը սահմանում է ֆինանսական օգնության տրամադրման կարգը, որը պետք է ներառի՝
1) ֆինանսական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց խմբերը.
2) ֆինանսական օգնություն ստանալու համար հայտերի (դիմումների) ներկայացման կարգը.
3) ֆինանսական օգնության օգտագործման պայմանները և կանոնները: