Հոդված 12. Ջրային համակարգերի կառավարման մարմնի լիազորությունները
Հոդված 12. Ջրային համակարգերի կառավարման մարմնի լիազորությունները
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-306-Ն)
Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝
1) պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման համար.
2) մասնակցում է ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքներին.
3) ապահովում է ջրի ազգային ծրագրի իրականացումը.
4) մասնակցում է օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա և հեռանկարային աշխատանքներին.
5) ապահովում է օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների իրականացումը.
6) մասնակցում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակման աշխատանքներին և ապահովում է դրանց իրականացումը, ինչպես նաև կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննությունը.
7) օրենքով նախատեսված դեպքերում կատարում է ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման պետական հիմնարկների կառավարման լիազորությունները.
8) ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննություն և ներկայացնում է առաջարկություններ.
9) կառավարության հաստատած կարգով կարգավորում և վերահսկում է ՀՏԿ-ների օգտագործման անվտանգությունը.
10) վերահսկում է ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպումը.
11) կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում ապահովում է պետության բաժնեմասի կառավարման հետ կապված գործառույթները, ներառյալ՝ պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքումը և օրենքով սահմանված պահանջների կատարման վերահսկողությունը.
12) մասնակցում է ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև այլ ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը.
13) մասնակցում է Կարգավորող հանձնաժողովին սակագների վերաբերյալ ներկայացվող առաջարկությունների քննարկմանը.
14) մասնակցում է Կարգավորող հանձնաժողովին ներկայացվող առաջարկությունների քննարկմանը՝ լիցենզիաների և դրանցում ներառվող պայմանների վերաբերյալ.
15) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան՝ իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարչական վարույթ.
16) սահմանում է ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների օգտագործման սահմանափակումներ և նորմեր.
17) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ներդնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում է վարչական վիճակագրական ռեգիստրներ.
18) կառավարության հաստատած կարգով ապահովում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու համար ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի կնքումը և վերահսկում օրենքով սահմանված պահանջների կատարումը:
(12-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-306-Ն, լրաց. 09.12.20 ՀՕ-492-Ն)
(09.12.20 ՀՕ-492-Ն օրենքն ունի անցումային դրույթ)