Հոդված 121. Անցումային դրույթներ
Հոդված 121. Անցումային դրույթներ
1. Մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը ջրային հարաբերություններում իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենսգրքին:
Մինչև ջրային հարաբերություններում իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտերը սույն օրենսգրքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:
Մինչև սույն օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, նախարարությունների և պետական այլ մարմինների այն նորմատիվ ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն օրենքներով, գործում են մինչև համապատասխան օրենքը գործողության մեջ դնելը:
Սույն օրենսգիրքը կիրառվում է ջրային հարաբերություններում իրավունքի նորմեր պարունակող այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը պայմանագրային և ջրային հարաբերություններում ծագած իրավունքի նորմեր պարունակող իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք առաջացել են օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո:
Գործարքների անվավերության հիմքերի և հետևանքների մասին սույն օրենսգրքի նորմերը կիրառվում են այն գործարքների նկատմամբ, որոնց անվավեր ճանաչելու մասին պահանջները դատարանի կողմից կքննվեն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո՝ անկախ համապատասխան գործարքների կնքման ժամանակից:
Սույն օրենսգրքի 14-րդ, 38-47-րդ, 79-րդ և 118-րդ հոդվածներով սահմանված իրավասություններն ու պարտականությունները վերապահել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին:
2. Գործող ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների վավերությունը և դրանց վերաձևակերպումը:
Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահը տրված ջրօգտագործման թույլտվությունները, պայմանագրերը կամ ջրօգտագործման իրավունքներ պարունակող այլ իրավական փաստաթղթերը ենթակա են համապատասխանեցման սույն օրենսգրքի պահանջներին:
Մինչև 2003 թվականի հոկտեմբերի 1-ը ջրօգտագործման թույլտվություններով, պայմանագրերով կամ ջրօգտագործման իրավունքներ պարունակող այլ իրավական փաստաթղթերով ամրագրված՝ ջրօգտագործման թույլտվություններ ունեցող անձինք դիմում են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություններ ստանալու համար:
Գործող ջրօգտագործման թույլտվությունը նորացման դեպքում ներկայացվում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին:
3. Ջրային համակարգերի օգտագործման գործող թույլտվությունների ժամկետների վավերությունը և դրանց վերաձևակերպումը:
Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում անձինք, որոնք ունեն գործող ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգն օգտագործելու իրավունքներ, պարտավոր են ստանալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Սույն հոդվածով սահմանված ժամկետում գործող ջրային համակարգերի օգտագործման թույլտվություն չստանալու դեպքում ջրօգտագործման թույլտվությունները, պայմանագրերը կամ ոչ մրցակցային ջրամատակարարման իրավունքի փաստաթղթերը համարվում են չեղյալ:
4. Կառավարությունը սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո մշակում և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում`
- ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենքի նախագիծը` մեկ ամսվա ընթացքում.
- ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենքի նախագիծը` վեց ամսվա ընթացքում.
(պարբերությունն ուժը կորցրել է 31.03.03 ՀՕ-527-Ն)
- ջրի ազգային ծրագրի մասին օրենքի նախագիծը` մեկ տարվա ընթացքում.
- խմելու ջրի մասին օրենքի նախագիծը` երկու տարվա ընթացքում.
- հիդրոէներգետիկայի մասին օրենքի նախագիծը` երկու տարվա ընթացքում.
- ոռոգման ջրի և մելիորատիվ հողերի մասին օրենքի նախագիծը` երկու տարվա ընթացքում:
5. Կառավարությունը սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո՝
1) հաստատում է հակահրդեհային նպատակների համար ջուր վերցնելու կարգը՝ վեց ամսվա ընթացքում.
2) հաստատում է ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերը՝ մեկ տարվա ընթացքում.
3) հաստատում է ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգերը՝ մեկ տարվա ընթացքում.
4) Ջրային համակարգերի կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության ներկայացմամբ հաստատում է ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման (բացառությամբ առևտրային կազմակերպության ստեղծման) ձևերի մասին կարգերը՝ երեք ամսվա ընթացքում.
5) հաստատում է ջրատնտեսական հաշվեկշռի կազմման, ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգերը՝ մեկ տարվա ընթացքում.
6) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ներկայացմամբ հաստատում է ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևերը՝ մեկ տարվա ընթացքում.
7) Ջրային համակարգերի կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է ՀՏԿ-ների անվտանգության ցուցանիշները՝ երկու տարվա ընթացքում.
8) Ջրային համակարգերի կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է ՀՏԿ-ների դասակարգումը՝ վեց ամսվա ընթացքում.
9) սահմանում է ՀՏԿ-ների օգտագործման և անվտանգության ապահովման իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում.
10) սահմանում է ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, մշակման և դրա փորձաքննության իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում.
11) սահմանում է ջրային համակարգերի շինարարության և դրանց վերակառուցման նախագծերի փորձաքննության իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում.
12) հաստատում է ջրաէկոհամակարգերի` սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքները՝ երկու տարվա ընթացքում.
13) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների տարածքները հաստատելուց հետո`
- հաստատում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում հողերի օգտագործման տրամադրման և հողերի օգտագործման կարգը՝ երեք ամսվա ընթացքում,
- հաստատում է ջրաէկոհամակարգերի ջրապահպան գոտիներում շինարարական, հորատման, հատակի խորացման և պայթեցման, խողովակաշարերի և այլ հաղորդակցության ցանցերի անցկացման, լարանցումների աշխատանքների, ինչպես նաև կենսառեսուրսների և նյութերի արդյունահանման կատարման կարգը՝ վեց ամսվա ընթացքում,
- հաստատում է ջրաէկոհամակարգերի ջրապահպան գոտիներում անտառների օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
14) հաստատում է էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքի հատվածում ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար որոշման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
15) սահմանում է հատուկ պահպանվող ջրային համակարգերն ամբողջությամբ կամ մասնակիորեն, մշտապես կամ ժամանակավորապես տնտեսական գործունեության ոլորտից դուրս բերելու և պահպանելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
16) սահմանում է միջազգային նշանակության հատուկ պահպանվող ջրային համակարգերի օգտագործման և պահպանության կարգը՝ երեք տարվա ընթացքում.
17) հաստատում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի և բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
18) հաստատում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
19) հաստատում է ջրային ռեսուրսներում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները և դրանց կիրարկման կարգն ու ժամանակացույցը՝ երկու տարվա ընթացքում.
20) հաստատում է ջրային ռեսուրսների վրա ազդեցության էկոլոգիական սահմանափակման նորմերը՝ մեկ տարվա ընթացքում.
21) հաստատում է կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման կարգը ջրերի ստանդարտների հաստատումից հետո` վեց ամսվա ընթացքում.
22) սահմանում է ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը (մարմինները) և դրա (դրանց) գործառույթները՝ վեց ամսվա ընթացքում.
23) սահմանում է ջրային օբյեկտ-բնության հուշարձանների կարգավիճակը, կազմը և դրանց օգտագործման ու պահպանության առանձնահատկությունները՝ մեկ տարվա ընթացքում.
24) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հիդրոտուրբինների փորձաքննություն կատարելու կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
25) սահմանում է հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
26) հաստատում է բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
27) հաստատում է զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
28) սահմանում է ՀՏԿ-ների վթարների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման և վնասների հատուցման կարգը՝ երկու տարվա ընթացքում.
29) հաստատում է ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելու կարգը՝ վեց ամսվա ընթացքում.
30) հաստատում է ցամաքուրդային ջրերի օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
31) հաստատում է արդյունաբերության կարիքների համար շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
32) հաստատում է ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
33) հաստատում է որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
34) հաստատում է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության նորմավորման կարգերը՝ երկու տարվա ընթացքում.
35) հաստատում է ջրային ռեսուրսների կամ ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննություն իրականացնելու կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
36) հաստատում է ջրային ռեսուրսների ռադիոակտիվ և թունավոր նյութերով աղտոտման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
37) սահմանում է ավազանային կառավարման տարածքները և հաստատում դրանց կառավարման պլանները՝ ինն ամսվա ընթացքում.
38) հաստատում է ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը՝ վեց ամսվա ընթացքում.
39) սահմանում է ջրամատակարարներին և ջրօգտագործողներին ֆինանսական օգնության տրամադրման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
40) հաստատում է ՀՏԿ-ների անվտանգության նորմերի խախտումների ցանկը՝ վեց ամսվա ընթացքում.
41) հաստատում է ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման կարգը (կարգերը)՝ 6 ամսվա ընթացքում.
42) հաստատում է ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների ու ռեժիմի որոշման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
43) հաստատում է Կանոնակարգող խորհրդի կազմը, դրա գործունեության կարգը՝ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող օրենքի պաշտոնական հրապարակումից հետո երեք ամսվա ընթացքում.
44) սահմանում է ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի կնքման կարգը և օրինակելի ձևերը՝ վեց ամսվա ընթացքում.
45) հաստատում է ջրի վիճակի վրա ազդող աշխատանքների իրականացման կարգը ջրաէկոհամակարգի պահպանման գոտիներում՝ երկու տարվա ընթացքում.
46) սահմանում է ստորերկրյա աղբյուրների պահուստավորման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
47) հաստատում է անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվության տրամադրման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
48) հաստատում է անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
49) հաստատում է ազատ ջրօգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
50) հաստատում է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմներ սահմանելու կարգը, հրահանգները և բնակչությանը մատակարարվող խմելու ջրի նվազագույն չափաքանակները, ինչպես նաև ջրային համակարգի կառավարչի կրած վնասների փոխհատուցման կարգը՝ երեք տարվա ընթացքում.
51) հաստատում է բնակարաններում ջրամատակարարման ներքին ցանցերի վթարների և անսարքությունների վերացման կարգը՝ վեց ամսվա ընթացքում.
52) հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը՝ վեց ամսվա ընթացքում.
53) հաստատում է ջրօգտագործման թույլտվությունն այլ անձանց փոխանցելու և պայմանագրով տրամադրելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
54) հաստատում է ջրավազանային կառավարման պլանավորումը ղեկավարող կանոնակարգերի փաթեթը՝ վեց ամսվա ընթացքում:
6. Կառավարությունը կամ նրա լիազորած պետական կառավարման մարմինը՝ սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո`
1) հաստատում է ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը՝ վեց ամսվա ընթացքում.
2) հաստատում է ջրօգտագործման թույլտվությունը մեկ անձից այլ անձի փոխանցելու պայմանագրի օրինակելի ձևը՝ ինն ամսվա ընթացքում.
3) սահմանում է այն ջրհավաք ավազանները և գերխոնավ տարածքները, որոնք վճռական դեր ունեն ջրերի որակի և քանակի պահպանության համար՝ մեկ տարվա ընթացքում.
4) հաստատում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
5) սահմանում է ջրահեռացման համակարգերի օգտագործման և ջրերի մաքրման կանոնները՝ մեկ տարվա ընթացքում.
6) սահմանում է պետական հատուկ նշանակության յուրաքանչյուր հիդրոհանգույցի օգտագործման առանձնահատկությունները՝ երկու տարվա ընթացքում.
7) սահմանում է ջրամբարների ընթացիկ վիճակի, դրանց վերականգնման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այդ վերականգնումը ֆինանսավորող ծրագրի մշակման և կառավարություն առաջարկություններ ներկայացնելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
8) հաստատում է ջրերի ստանդարտները՝ երկու տարվա ընթացքում:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո`
1) հաստատում է Ջրի ազգային խորհրդի կազմը և կանոնակարգը՝ երեք ամսվա ընթացքում.
2) հաստատում է ջրավազանային կառավարման մարմինների ցանկը, գործունեության կանոնակարգը և ավազանային կառավարման անցման ժամանակացույցը՝ երեք ամսվա ընթացքում.
3) հաստատում է վեճերը լուծող հանձնաժողովի կազմը և կանոնակարգը՝ երեք ամսվա ընթացքում.
4) հաստատում է անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը՝ երեք ամսվա ընթացքում:
(121-րդ հոդվածը լրաց., փոփ. 31.03.03 ՀՕ-527-Ն, փոփ., լրաց. 04.11.03 ՀՕ-24-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2002 թ. հուլիսի 1
Երևան
ՀՕ-373-Ն