Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-12-04-ից մինչև 2004-01-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հոդված 79. Սակագների սահմանումը ոչ մրցակցային ջրօգտագործման համար

գործել է մինչև 2004-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 79. Սակագների սահմանումը ոչ մրցակցային ջրօգտագործման համար

Կարգավորվող սակագների ձևավորման սկզբունքներն են՝

1) ծառայության արժեքի սահմանումը (ներառյալ՝ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված օգտագործման և պահպանման ծախսերը), հիմնական միջոցների մաշվածության փոխհատուցման ապահովումը.

2) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

3) վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.

4) պահանջվող ծառայության նվազագույն չափանիշների սահմանումը.

5) սակագնային կարգավորման միջոցով մատուցվող ծառայությունների որակի ապահովման և սպառողների վճարունակության հաշվի առնելը.

6) սպառման ծավալով, տարվա եղանակով, օրվա ժամերով, ծառայությունների տեսակներով պայմանավորված սակագների տարբերակումը.

7) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

8) ջրի ազգային ծրագրի պահանջների պահպանումը.

9) հիմնավորված տեխնոլոգիական կորուստների ներառումը.

10) օրենսդրությամբ նախատեսված՝ հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը.

11) արդյունավետ ջրօգտագործման և ջրերի ստանդարտների պահպանման խթանների ստեղծումը.

12) մատուցվող ծառայության որակի բարձրացման խթանների ստեղծումը:

Սակագները կարող են լինել տարբեր՝

1) ըստ ավազանային բաժանումների՝ կախված ջրամատակարարման եղանակից.

2) ըստ ջրօգտագործողների տարբեր խմբերի (ենթախմբերի).

3) ըստ որակական ցուցանիշների՝ կախված ջրային ռեսուրսների դասակարգումից:

Ջրի վարձերը կարող են վճարել՝

1) ջրային համակարգերը կամ դրանց մասն օգտագործող համապատասխան անձինք.

2) ուղղակի ջրօգտագործողները:

Սակագները կարող են կրել խրախուսական բնույթ՝ կախված ջրօգտագործման արդյունավետությունից:

Սակագների կառուցվածքը և դրանց ձևավորման հիմնական սկզբունքները սահմանվում են ջրի ազգային ծրագրով:

Կարգավորվող սակագների սահմանման և վերանայման կարգը սահմանվում է օրենքով, իսկ այդ առնչությամբ ջրամատակարարների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Կարգավորող հանձնաժողովը:

Կարգավորող հանձնաժողովը սակագինը հաստատելուց առաջ պարտավոր է՝

1) 1000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող թերթում հրապարակել ծանուցում, որը նկարագրում է առաջարկվող սակագնի ձևավորման սկզբունքները.

2) առաջարկել հրապարակման պահից 30-օրյա ժամկետում ուղարկել գրավոր դիտողություններ և առաջարկություններ՝ ներկայացված սակագնի վերաբերյալ:

Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունելուց առնվազն 60 օր հետո: Սակագների գործողության ժամկետը չի կարող լինել մեկ տարուց պակաս:

Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել ջրամատակարարի և (կամ) ջրահեռացնողի գործունեության երկարաժամկետ սակագին:

Սահմանված կարգավորվող սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի պարամետրերից կախված հաշվարկային բանաձև:

Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագինը համարվում է առավելագույն սակագին: Ջրամատակարարը և (կամ) ջրահեռացնողը կարող են ջուրը վաճառել դրանից ցածր սակագնով այն պայմանով, որ նույն խմբի ջրօգտագործողներին ջուրը մատակարարվի միևնույն սակագնով:

Սահմանվածից ցածր սակագին կիրառելու դեպքում, ջրօգտագործողների և (կամ) ջրահեռացնողների շահերը պաշտպանելու նպատակով, ջրամատակարարը և (կամ) ջրահեռացնողը պահպանում են առավելագույնից ցածր ընդունված սակագինը մինչև Կարգավորող հանձնաժողովի կողմից նոր սակագնի սահմանումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։