Հոդված 32. Ջրօգտագործման թույլտվության բովանդակությունը
Հոդված 32. Ջրօգտագործման թույլտվության բովանդակությունը
Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվություն պետք է ներառի՝
1) ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը և հասցեն.
2) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի անունը, ազգանունը.
3) ջրօգտագործման թույլտվության տրման ամսաթիվը.
4) ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը.
5) ջրառի և ջրօգտագործման վայրերը.
6) ջրօգտագործման նպատակները.
7) օգտագործվող ջրի քանակը.
8) ջրօգտագործման ժամանակահատվածը.
9) ջրօգտագործման թույլտվության պայմանների ապահովման վերահսկողության մեխանիզմները.
10) ջրերի ստանդարտները և (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկությունները.
11) հատուկ միջոցառումներ, որոնք կիրառվելու են արդյունավետ ջրօգտագործումը խթանելու և ջրի որակը բարելավելու, գերխոնավ և առափնյա կարևոր բնական միջավայրերը և առնչվող կենսաբազմազանությունը պահպանելու համար.
12) համապատասխան պահանջներ ջրօգտագործման հաշվառման, մոնիտորինգի, գրանցման և ճշգրտման համար.
13) համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում.
14) ջրօգտագործման թույլտվությանն առնչվող սույն օրենսգրքով սահմանված վճարներն ու վճարման ժամանակացույցը:
Առաջարկված ջրօգտագործումը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու և սոցիալական ու էկոլոգիական կայունությունը չխախտելու առաջնահերթություններն ապահովելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվությանը կարող է կցել սույն օրենսգրքին չհակասող պայմաններ: Այդ պայմանները համարվում են ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը և սույն օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են գրանցման:
Ջրօգտագործման թույլտվությունն իրավունք չի վերապահում փոփոխել, ձևափոխել կամ այլ կերպ օգտագործել ջրային ռեսուրսի հունը կամ ափերը, եթե դա չի սահմանվում որպես ջրօգտագործման թույլտվության առանձին պայման: Ջրային ռեսուրսի հունը կամ ափերը փոփոխելու, ձևափոխելու կամ այլ կերպ օգտագործելու իրավունքը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին:
Ջրօգտագործման թույլտվության գործողության ամբողջ ժամանակահատվածում տրամադրված սերվիտուտները համարվում են օգտագործվող հողատարածքների անքակտելի մասը:
Ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման, վաճառքի կամ այլ ձևով փոխանցման դեպքում սերվիտուտի պահանջը մնում է անփոփոխ: