Հոդված 14. Կարգավորող հանձնաժողովը
Հոդված 14. Կարգավորող հանձնաժողովը
Կարգավորող հանձնաժողովն իրականացնում է ջրային հարաբերություններում սակագնային քաղաքականությունը և ոչ մրցակցային ջրամատակարարներին տալիս է ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունները:
Կարգավորող հանձնաժողովը պետական կառավարման գործառույթներ իրականացնող անկախ մարմին է, որի ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Կարգավորող հանձնաժողովը մշակում և իրականացնում է սակագնային քաղաքականությունը, ինչպես նաև ոչ մրցակցային ջրամատակարարներին ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունները տրամադրում է օրենքով սահմանված կարգով` սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:
Կարգավորող հանձնաժողովը չի կարգավորում (ջրային համակարգերի օգտագործման թույլտվություններ չի տրամադրում և սակագներ չի սահմանում) «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը:
(14-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-273-Ն)